Քիմիայի դասատու Սոնա Միքայելյանը դասերից հետո մտնում է 10-րդ «Բ» դասարան այն պահին, երբ Մարին բոլորովին մերկ պարում էր սեղանի վրա: Այդ եղելությունը (թե՞ առասպելը) ուսուցչուհին հայտնում է դպրոցի դիրեկտոր Վահունուն: Սա էլ… Մի խոսքով` կատարյալ իրարանցում է սկսում դպրոցում: Ոմանք հավատում են լսածին և խստության ու անհաշտության կոչ անում, ուրիշները չեն հավատում և պաշտպանում են աշակերտներին: Շուտով վիպակի հիմնական պրոբլեմ է դառնում ոչ թե եղածի կամ չեղածի քննությունը, այլ ուսուցիչների ինքնաբացահայտող վերաբերմունքը դրա նկատմամբ: Եվ նրանք բացվում են… Բացահայտելով նաև այն չլուծված հակասությունները, որ խանգարում են նոր սերնդի ճշմարիտ դաստիարակության գործին: Նոր ուսուցիչ` Մամյանի դպրոց գալը մանկավարժական վարվեցողության, մարդասիրության և ուսուցչին անհարժեշտ համբերատարության ու պահանջկոտ բարության այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ ստիպված են լինում իրենց ներաշխարհը (գեղեցիկ կամ այլանդակ) բացահայտել ոչ միայն ուսուցիչները, այլև ուրիշները: Վիպակի կարևոր գաղափարներից մեկն այն է, որ դպրոցը ոչ թե մեկուսացած մի օջախ է, այլ մեծ կյանքի բարդ, զգայուն մասնիկը, հետևաբար` ինչ կատարվում է այնտեղ, չի կարող մնալ անարձագանք…

Մարիի պարի պատմությունը դեռևս չպարզված, իրարանցման մի նոր ալիք է բարձրացնում Արմենի արարքը (սա ծեծում է Աշոտին ստորության համար): Այս անգամ Արմենին դպրոցում թողնել-չթողնելու հարցն է դառնում քննության առարկա: Հայրենադարձ Գարասեֆերյանը (Արմենի հայրը) այդ ամենն ընկալում է որպես հատուկ վերաբերմունք հայրենադարձի նկատմամբ և «արդարացնում» հայրենիքից հեռանալու իր վճիռը:

Այս երկրորդ դեպքը վերստին ալեկոծում է ոմանց պարզ ու բարի, ուրիշների` պղտոր հոգիները: Եվ ինչպես միշտ, այս անգամ ևս հաղթում է բարոյական կայուն խառնվածք ունեցող Մամյանը, որի գալով, իրոք, «բոլորը մի քիչ ուրիշ դարձան»: Վիպակի վերջին էջում կա մի կարևոր ներիմաստ, հայրենիքը չի կարելի դիտել անձնական վիրավորանքի տեսանկյունից: Հայրենիքը ժողովրդի հավաքական ճակատագիրն է, որից հեռանալը ոչ մի արդարացում ունենալ չի կարող: Իսկ եթե կա, ապա, հեղինակի լեզվով ասած, սեփական ճակատագիրը ճամպրուկի նման երկրից երկիր տանել է նշանակում, որը ինքնասպանության դանդաղ և ամենադաժան ձևերից է…

 

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՍԻՐԵԼԻ ՎԱՐԴԳԵՍ,

Այս մտերիմ և ուղղամիտ զրույցը քո հերոսների, որպես իրական մարդկանց հետ, վիպակիդ գեղարվեստական բարձր արժանիքների վկայությունն է: Վերջին հաշվով, եթե կյանքում ամեն ինչ վճռողը մարդն է, գեղարվեստական երկում էլ ուրիշ վճռող լինել չի կարող…

Կոնֆլիկտ ասելով երբեմն հասկանում են այնպիսի բախումներ, որոնցից աջ ու ձախ կայծեր են թռչում, դռներ են շրխկում և բաժակներ զարնվում հատակին: Իսկ եթե մոլեգնում է մարդու հոգի՞ն, իսկ եթե այնտեղ այնպիսի բան է փշրվում կամ կառուցվում, որ աչքով բնավ տեսանելի չէ: Որպես այդպիսի անաղմուկ պայթյունի օրինակ, ես կարող եմ հիշեցնել վիպակիդ վերջին տեսարանը: Օդանավակայան: Արմենն իր ծնողների հետ մեկնում է Ամերիկա: Դպրոցական ընկերները եկել են նրան ճանապարհելու: Պահը ճնշող է, շատերը զրկվում են լավ ընկերոջից, իսկ նա` ոչ միայն ընկերներից, այլև հայրենիքից: Ահա փակվում է ինքնաթիռի դռնակը: Ուր որ է ինքնաթիռը կպոկվի հողից և… Բայց հանկարծ բացվում է դռնակը: Արմենակը դուրս է թռչում, վազում դեպի ընկերները: Նա որոշել է մնալ: Ես գիտեմ, ոմանց դա կարող է թվալ անբնական: Բնականը (նրանց կարծիքով) Ամերիկա գնալն է և հետո վերադառնալը: Այս շաբլոնին մենք արդեն ծանոթ ենք: Դու ուրիշ կերպ ես մոտեցել մարդու ճակատագրին: Ինքնաթիռի դռնակի փակվելուց հետո Արմենն այլևս Հայաստանում չէ: Թերևս մտովի նա արդեն հասած լիներ Ամերիկա: Բայց նա կարիք չուներ Ամերիկայում ծանր ու թեթև անելու այստեղն ու այնտեղը: Նրան միայն մի միտք է տանջել, տեղահան է արվում հայրենիքից, կորցնում է իր միակ անհամեմատելին` հարենիքը: Այդքանը գիտակցելուց հետո նա չէր կարող գնալ և պիտի վերադառնար առանց Ամերիկան տեսնելու: Արմենին սարսափեցնողը հայրենիքը կորցնելու միտքն էր, որ արդեն իրականություն էր դառնում: Մնացածը նրան բնավ չի հետաքրքրել:

Սա է հոգեկան և’ դրաման, և’ դրա դժվարին լուծումը: Գիտեմ, նաև կարող են ասել (կշտամբանքի կարգով), թե քո գեղարվեստական խոսքը հրապարակախոսական ուժեղ կիրք ունի: Այո’ ունի, և դա մեծ արժանիք է:

Դու որդեգրել ես (ոչ միայն այս վիպակում) գեղարվեստական, հետևաբար` նաև հումանիստական անսխալ մի սկզբունք: Միայն լավից, գեղեցիկից ու լույսից չես խոսում, որովհետև նման միակողմանիությունից, միշտ էլ շահում է վատը, այլանդակը, խավարը: Հակառակն էլ չես անում, որովհետև էլ այդ դեպքում էլ վերք հասցրաց կլինեիր լավին, գեղեցիկին, որովհետև այդ դեպքում էլ վերք հասցրած կլինեիր լավին, գեղեցիկին, լույսին: Ես չեմ ասել, թե դու ինչ-որ նժարներ ունես, որոնց վրա քմահաճորեն կշռում ես լույսն ու խավարը: Քավ լիցի: Դու ոչ թե նժարներ, այլ ճշմարտության տեսանկյուն ունես, քաղաքացիական խիղճ և ժամանակի ընթացքը ճիշտ ընկալող իդեալներ: Սովորաբար նժարների օգնությանը դիմում են նրանք, ովքեր նստում են վեպ կամ վիպակ գրելու մտադրությամբ, չունենալով դրանց հղացումն անգամ: Քեզ կյանքն է նստեցնում սեղանի մոտ:

Այսքանից հետո պարզ չէ՞, որ գրախոսության մեջ իմ ասելիքը տեղավորել չեմ կարող: Ինձ հարկավոր է ընտրել քեզ և քո հերոսների հետ խոսելու այնպիսի մի ձև, որ ասածս նաև քաղաքացիական դավանանքի արտահայտություն լինի: Եվ այդ ձևը նամակն է, որտեղ ճշմարիտ միտքն ու զգացումը հազվադեպ են նեղվում…

 

ՍԱՀԱԿ ՎԱՆՈՒՆՈՒՆ

Ձեզ նամակ գրելու որևէ ցանկություն չունեի, որովհետև ծանոթ էիք ինձ և այնքան մաշված, որ այլևս որևէ հետաքրքրություն չեք ներկայացնում: Բայց, ինչպես երբեմն պատահում է, ոտից գլուխ քեզ ծանոթ մարդը հանկարծ այնպիսի մի նորություն է բերում, որ չես կարող լռության մատնել:

Ես հանդիպել եմ ոչ քիչ թվով չար մարդկանց, որոնք դյուրությամբ մոռանալ գիտեն այն, ինչ հաճելի չէ իրենց: Ձեր հիշաչարությունը, այսպես ասած, գործնական բնույթ ունի, դուք հիշում եք միայն բացասականը (ձեր ընկալմամբ, իհարկե) և, դրան գումարելով «նաև այսինչը», պատկերացում կազմում մարդու մասին: Կրկնում եմ, որքան էլ հին լինեք, այնուամենայնիվ, Պետրոսյանը կարողացել է նշմարել ձեր նոր արթնացման վտանգավոր կողմերից մեկը, ձեզ ջղայնացնում են մարդկանց տարբերությունները: Ահա թե ինչու ձեր մշտական երազանքն է գործ ունենալ «միջին աշակերտի, միջին դասատուի», ես կավելացնեի նաև` «միջին ղեկավարի» հետ: Այդ միջինը դուք հեշտությամբ գտնում եք գրատախտակի վրա. գումարում-բաժանում եք և քանորդում ստանում միջինը: Անմռունչ թվանշան-մարդիկ են ձեզ հարկավոր, որ կարողանաք բաժանել ձեր օգտին, գումարել ու հանել դարձյալ ձեր օգտին: Ինչ էլ որ ասեմ ձեր մասին, առավել ճշմարիտ ու խոցելի չի լինի (իսկ խոցել անհրաժեշտ է), քան Պետրոսյանի` ձեզ տված բնութագիրը:

«Վանունին նման էր թերմոսի. ուրախությունը կամ տխրությունը, բարկությունը կամ հանգիստ վիճակը նրա մեջ պահպանվում էր քսանչորս ժամ, հետո մեկը աստիճանաբար տեղի էր տալիս…»: Եվ բոլոր այդ թերմոսային տեղատվություններից միայն դուք եք շահում, ուրախանում եք ձեր օգտին, բարկանում ի վնաս ուրիշի: Ո՞ւր է թե կարենայիք տխրել ուրիշի համար և զայրանալ ինքներդ ձեր վրա: Այդպես վարվել երբեք դուք չեք կարող, որովհետև միջակություն եք, իսկ միջակությունը զոհաբերելու ոչինչ չի ունենում:

Ձեզ մարդկային տարբեր բնավորությունները տանջում են նաև այն բանի համար, որ ստիպված եք լինում ամեն օր գումարում-բաժանումներ կատարել` միջինը գտնելու: Եվ սա այն դեպքն է, երբ ինչքան բաժանում, այնքան ընդգծվում է հենց իր` բաժանողի միջակությունը: Ծիծաղելի է չէ՞, ամեն անգամ գտնում եք ձեզ և ձեր գտածը վերագրում ուրիշներին. Մամյանը «այս աշխարհից չէ», որովհետև առարկել ու խայթել գիտի, իսկ դա անհարիր է միջակությանը: Ճիշտն ասած, սկզբում դուք նաև վիպակի մեջ ավելորդ թվացիք ինձ, բայց հետո պարզվեց, որ կյանքում ձեր անելիքը դեռ չեք ավարտել, որովհետև, ինչպես Սևակը կասեր, միջակությունը դեռևս ղողանջել գիտի և հավատացյալներ ունի: Նշանակում է` գրողի մտրակի հարվածների կարիք ունեք:

Երկտողս ուզում եմ ավարտել այն խորհրդով, որ Մամյանը տվել է Ռուբեն Սաֆարյանին: «Մի վարժվիր քո իրավունքներին: Այսօրվա իրավունքներիդ: Գոնե քո ներսում քմծիծաղ տուր պաշտոնիդ վրա: Այսօր, եթե այդ աթոռին ես, մի համարիր, որ դու ես ամենաարժանավորը: Հետո, երբ չես լինի այդ աթոռին, դժվար կլինի… քեզ համար դժվար կլինի»:

Ինչպես տեսնում եք, ես խոսեցի ձե’ր, այլ ոչ թե ձեր պաշտոնի արատների մասին: Դիրեկտորն ինքնին լավ կամ վատ լինել չի կարող: Ամեն ինչ սկսվում է մարդուց, սա’ է վճռողը:

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

Չգիտեմ, ի՞նչն է առավել վնասակար, ոչ մարդկային արատնե՞րը, թե՞ առաքինությունից զուրկ լինելը, վերևում գտնվե՞լը, թե՞ ներքևի նկատմամբ անտարբերությունը, ներքին անբանությո՞ւնը, թե՞ արտաքին զբաղվածությունը… Ե’վ մեկը, և’ մյուսը և… տասներորդը: Բոլորը թվարկել անիմաստ է: Երևի նույն կարծիքին եք նաև դուք, պայմանով, եթե դրանք, այդ արատները, ուրիշինն են, այլ ոչ թե ձերը: Ասածս նորություն չէ, ոչ էլ ձեր տիպն է նոր ծնվել: Եվ, չնայած դրան, դուք էլ ինչ-որ նորություն ունեք, ինչպես Վանունին, որին թեև երես չեք տալիս, բայց ձեր հենարաններից է: Դուք, երևում է, լավ եք սերտել այն իմաստությունը, թե քեզ ծառայող մարդու օձիքը ամուր պիտի պահես:

Աթոռը, ձեր ընկալմամբ, պատվանդան է, որի վրա բարձրանում եք դուք, որպես արձան: Նշանակում է` մարդիկ մշտապես պարտավոր են մոտենալ ձեզ, իսկ դուք, խախտելով արձանի բարոյական նորմերը, ցանկացած պահին կարող եք խուսափել մարդկանց հանդիպելուց և պահեստի դռնով դուրս սողալ, ընդունարանում թողնելով ձեզ սպասող մարդկանց: Դուք, երևի, չեք էլ գլխի ընկել, որ նման արարքով հաստատել եք արդեն շշուկներ դարձած այն կարծիքը, թե աթոռը փոխարինում է ձեզ, թե ձեր աշխատասենյակում դատարկությունն ավելի է ընդգծվում, երբ դուք ներսում եք, ինչպես ասում եք, ձեզ մոտ, բայց ուրիշներից հեռու: Այստեղ ուզում եմ համաձայն չլինել Պետրոսյանի այն կարծիքին, թե «դու չես կարող ինքդ քեզնից դատարկվել», ո’չ, կարող եք: Տարիների ընթացքում դուք այնպես եք դատարկվել, որ հիմա ձեզ մոտ անգամ լինել չեք կարողանում: Հոգևոր այդ սնանկությունը, բանականության օրենքի համաձայն, պետք է գերադասեր հաճախակի լսեր ուրիշներին, քան խոսել: Չէ՞ որ մտքի աղքատությունը ավելի հարմար է ծրարել լռության մեջ: Որքան էլ զարմանալի թվա, բայց դուք հակառակն եք անում: Դուք սովոր եք, որ ձե’զ լսեն, որովհետև (և դա ձեր համոզմունքն է) ճշմարտությունը միայն մեկ ուղղություն ունի. վերից` վար: Ներքևից կարող են գալ միայն ինչ-որ լուրեր (գերազանցապես ահազանգող) և, իհարկե, նաև խնդրանքներ, որոնք անհետևանք թողնելը ձեզ համար հաճույք է, «մանրուքով» (իմա` մարդու ճակատագրով) զբաղվելու «բարձր» գիտակցության արդյունք: Ավելին, դուք նույնիսկ կարող եք հանգիստ մակագրել «ստուգել-զեկուցել» այն զրպարտագրի վրա, որտեղ ամբաստանված է ձեր անազնիվ ընկերը: Պետրոսյանին երևի հայտնի չէ, որ ձեր մակագրությունը ինչ-որ տեղ կրճատել են: Իրականում եղել է «ստուգել և արդյունքների մասին հայտնել հեղինակին» (այսինքն` զրպարտչին), ասել է թե` ո’չ Մանուկ գոյություն ունի, ո’չ էլ ոտնահարված պատիվ ու արժանապատվություն: Կարևորը հեղինակին հայտնելն է, որ նա զրպարտիչ է: Այսինքն` վերադարձնել նրան այն, ինչ ինքը ուղարկել է, միայն այն տարբերությամբ, որ վերադարձի վրա կնիք կա և ստորագրություն: Թերևս դրանից է առաջացել կնիքի և ստորագրության նկատմամբ ձեր պաշտամունքը… Դուք արդեն սկսել եք հավատալ միայն կնքված-ստորագրված թղթերին, այդ պատճառով էլ մարդկանց աչքերին չեք նայում, որովհետև նրանցում ստորագրություն չկա, կնիք չկա, այլ կան պահանջ ու խնդրանք, երբեմն նաև արցունքներ` բավականին ծանր ճակատագրով կնքված: Պետրոսյանը ձեզ մի քիչ խնայել է և ուղղակի չի ասել, որ աշակերտի հոր թելադրանքով զրպարտչական նամակ գրելը նույնպես ձեր «ղեկավարման» ոճի արդյունքն է, մարդկանց նկատմամբ ձեր «անտարբերության» դառն պտուղներից մեկը: Անտարբերությունը չակերտների մեջ եմ առել, որովհետև դրա իսկական էությունը այն կես քայլի մեջ է, որ քծնանքը բաժանում է ստորությունից:

Չգիտեմ` ինչպիսի վախճան կունենար ձեր ճակատագիրը, եթե վիպակի դեպքերը ուրիշ ընթացք ունենային, բայց կյանքում դուք ոչ թե մոլորյալ գնդակի, այլ ճշմարտության թելադրանքով թողել կամ թողնելու եք աթոռն էլ, կանաչ մատիտն էլ, հեռախոսն էլ, որ ձեր փոխարեն ամոթից կաս-կարմիր է կտրել:

Ձեր վերջն այդպես չէր լինի, եթե ազնիվ սկիզբ ունենայիք:

Գուցե ավելորդ է ռուս բանաստեղծուհու խորհուրդը, որ ուզում եմ հիշեցնել, բայց ինչ իմանաս, գուցե և ինչ-որ տեղ օգտակար լինի ձեզ: Բարի մարդու կյանքն ավելի դժվար է, քան չարիք գործողինը, քան նրանը, որ բեռ է դառնում և չի ցանկանում որևէ բեռ կրել իր ուսերին, նույնիսկ իր սեփական զավակին: Մեկ էլ այն հիշեք, որ կյանքում պահեստի դուռ չկա, այդպիսին ունենում է միայն կեղծիքը: Երևի ինձ էլ ասես.

– Խորհուրդ տվող է:

– Ձեզ տալու ուրիշ բան չունեմ:

 

ՎԱՀԱՆ ՄԱՄՅԱՆ

Եթե ձեր կերպարը գրականության մեջ երևար երկու տասնյակ առաջ, քննադատներից ոմանք պիտի ասեին, որ դուք գունազարդված եք, որովհետև ոչ մի սև բիծ չկա ձեր հոգու վրա, որ հռոմեական զորավարի բախտ է տված ձեզ, որովհետև դուք էլ եկաք, տեսաք և հաղթեցիք. ո’չ տառապանք, ո’չ ցավ, ո’չ էլ մի առանձին բախում… Բարեբախտաբար, ժամանակները փոխվել են, և հիմա հոգու վրա անպայման բիծ ունենալը այլևս կենդանի մարդու չափանիշ չէ, ընդգծում եմ` անպայման, որովհետև նաև այդ դեպքում մարդուն չի կարելի զրկել կենդանությունից:

Ինչ վերաբերում է ձեզ, ապա ձեր հոգսերը (որ տառապանքի արտահայտության ձևերից են) մեծ են, դառնությունները` խոր, հավատն` անսպառ, լավատեսությունը` գործնական: Երբ մարդ անմնացորդ նվիրված է իր իդեալներին, երբեմն չի էլ նկատում, թե երբ և ով իրեն վերք հասցրեց, ով խոցեց իր ինքնասիրությունը կամ ո՞ւմ պարտության մատնեց: Պետրոսյանի վիպակում դուք հենց այդպիսի մարդ եք, որովհետև ետ նայելու, շահածն ու կորցրածը հաշվելու ժամանակ չունեք: Դա բարձր առաքինություն է պահանջում, որովհետև շահածը հաճախ տեսանելի է, իսկ կորցրածը (որ տեղի է ունենում սրտի ու ոգու ոլորտներում) մնում է աննկատ: Ճշտեմ ասած. ձեր ամենամտերիմ ընկերը` Ռուբեն Սաֆարյանը, երկու ժամ սպասեցրել է ձեզ իր ընդունարանում: Երբ կաշեպատ դուռը միջանցիկ քամուց մեղմ դողացել է, ձեզ երևի թվացել է, թե ուր որ է ձեր ընկերը դուրս կգա ու ներս կհրավիրի ձեզ: Եվ այդ թվացումները տևել են ուղիղ երկու ժամ, որի ընթացքում առաջացել է ներքին մի մենախոսություն և անվանվել «պայթյուն»: Հիրավի պայթել է ձեր զայրույթը, ծվեն-ծվեն անելով բոլոր ռոմանտիկ պատկերացումները նախկին ընկերոջ մասին: Այդպիսի անակնկալ փլուզումները երբեմն մարդուն զրկում են կյանքից: Բայց դուք ապրեցիք, որպեսզի դարձյալ, այս անգամ արդեն Խաչիկ Քանքանյանի ընդունարանում, սպասեք քառասունհինգ րոպե: Ուղիղ քառասունհինգ, այսինքն այնքան, ինչքան դասի տևողությունն է: Դրանով Քանքանյանը ցանկացել է ասել, որ ով էլ ուզում է լինի իր մոտ եկողը` աշակերտ է, պարտավոր է դասեր առնել և միայն լսել: Իսկ եթե այցելուն «բնավորություն ունի» և անզիջող է իր համոզմունքներում, ապա «նրա հետ ուրիշ կերպ կխոսենք»: Այդ ուրիշ կերպ ասածը, որ կոչվում է քմահաճություն կամ անձապաստանություն, թերևս առաջին անգամ ճաք տվեց ձեր հետ բախվելուց: Դուք էլ, կարծեմ, մի քիչ դառնացաք և նույնիսկ մտածեցիք թողնել դպրոցը և զբաղվել թարգմանությամբ: Բայց դա ոչ թե նահանջի նշան էր, այլ տեղատվության, վերստին նույն պատնեշին (իսկ Քանքանյանը մարդ-պատնեշ է) բախվելու, ճշմարտության կենսական տարածությունն ընդլայնելու համար:

Դուք, ինչ խոսք, կողմնակի մարդ չեք նոր աշխատավայրում: Անհնար է կյանքում կողմնակի մարդ լինել: Ամենաանտարբեր մարդն անգամ ինչ-որ նպատակ է ունենում, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում: Ճիշտ է, դուք տեղափոխվել եք մի այլ դպրոց, բայց մնացել եք նույն կյանքի, նույն բարոյականության զինվորը: Իսկ զինվորը միշտ էլ հայացքի, մոտեցման, վարք ու բարքի թարմություն է բերում: Չգիտեմ ուրիշներն ինչ կարծիքի են, բայց ձեր այն պնդումը, թե «երբեմն ոչինչ ավելի սխալ չէ, քան կատարված փաստը» մարդկային ճակատագրեր փրկած ճշմարտություն է: Այո, երբ իրական փաստը սխալ ես ընդունում (էլ չեմ խոսում միտումնավորության մասին), ապա առավել վտանգավոր է դառնում, քան հնարածը, որ երբեմն թվում է անառարկելի` կեղծիքի անեզրության հետևանքով:

Ձեր բարոյական կայուն սկզբունքը մարդուն իր արարքից անջատելն է, նրա ճակատագիրը վաղվա բարձունքից դիտելը և պաշտպանելը: Եթե «Արարքն ինքը մարդն է» թևավոր խոսքը բոլորի նկատմամբ համարենք կիրառելի, ապա Սոնա Միքայելյանի, Մարիի, Արմենի և շատ ուրիշների կյանքը ողբերգական վախճան կունենար:

Ես ուզում եմ վերադառնալ ձեր մենախոսությանը: Այն, ինչ դուք ասել ձեր հին ընկերոջ մասին, այնքան է դիպուկ, որ տեղ է հասել նաև չասվածը: Այդ չասված ճշմարտություններից մեկն էլ այն է, որ չի կարելի ամեն մարդու ճշմարտություն վստահել: Եթե այն, ինչ մենք իմացել ենք ձեր ներքին պայթյունից, պայթած լիներ Սաֆարյանի ներկայությամբ, հավատացնում եմ ձեզ` դատարկ կրակոց կլիներ: Այնպիսի անձնավորություն, ինչպիսի Ռուբեն Սաֆարյանն է, ոչ միայն առանձնասենյակից, այլև մարդկանց հետ ունեցած  զրույցներից մաքուր դուրս գալու պահեստի դռներ ունի: Այդպիսի մարդը պատրաստ է սիրով լսել իր թերությունների մասին` ոչ թե դրանք վերացնելու, այլ իր հակառակորդին ճանաչելու համար: Այդպիսի տիպերը գիտեն նաև բարություն անել: Հենց այստեղ է, որ ես ուզում եմ հիշեցնել ֆրանսիական խոշոր մտածողի ասույթներից մեկը. «Կան չար մարդիկ, որոնք ավելի պակաս վտանգավոր կլինեն, եթե զերծ լինեն բարությունից»:

Վերջերս գրականագետներից մեկը այդ կարգի անձնավորության մասին ասաց, թե նա անկեղծ է և’ ստորության, և’ բարության մեջ: Համոզված եմ, որ դուք նույնպես այն կարծիքին եք, թե ստորություն կատարող «անկեղծությունը» նույնքան վտանգավոր է, որքան «անկեղծ» ստորությունը:

Վերջում կուզենայի ասել, որ դուք շատ եք հիշեցնում իմ պաշտելի ուսուցչին` Արմենակ Բորյանին` և’ ձեր վսեմ մարդկայնությամբ, և’, մանավանդ, տերյանասիրությամբ: Նմանություններն այնքան են շատ, որ ակամա գրել էի` «Արմենակ Բորյանին»:

Նա, ով իր ապրելաձևով մտաբերել է տալիս լավ մարդկանց, չի կարող վատը լինել:

 

«Գրական թերթ», 1979, թիվ 12

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.