Որտե՞ղ ես հիմա, վերադարձել եմ։ Մի վերջին անգամ թափառելու այս եղանակին ամայի Օլեղոն կղզու արևմտյան ափերի փայլփլուն, խեցիներով ծածկված խոնավ ավազների անվերջության մեջ։ Ականջներիս մեջ դեռ հնչում են դատարկ մակույկների կայմերի ղողանջները, շնչառությունը բացող ու շրթունքների վրա աղի համ թողնող քամու շառաչյունը։ Ու այդ շառաչի դադարի պահերին միայն, ավազները շոյող ետադարձ մակընթացության շշունջի պես մեղմ քո ձայնը, որ դեռ թվում է, թե կանչում է ինձ։

Մեր ոտնահետքերը օվկիանոսի նահանջից բացված ավազե թաց ու կայծկլտուն հարթություններում, ուր դու գրում էիր իմ անունը, ուր ես գրում էի քո անունը։

Այդ անունը, որը իմը չէր։ Հնչյունների մի խումբ, որի միակ արժեքը քո աչքին այն էր, որ պատկանում էր ինձ։

 

***

Ոչ ընտրել էի, ոչ հորինել։ Պատահական անունների շարքից միտքս եկած առաջինը, խառնաշփոթ, տագնապով լի մի պահի, մի երկրից մյուսը սահմաններ անցկացնող մի ավազակի առաջ։ Մի՞թե կարող էի կռահել այդ պահին, որ այդ անունը դառնալու է իմը, իմ նոր, մի ուրիշ կյանքի անունը։ Այդ պահին ոչ մի գնով չէի խոստովանի իմ ազգությունը, իմ ինքնությունը։ Կուզենայի չլինել, գոյություն չունենալ, անհայտանալ աշխարհի երեսից։ Քեզ հանդիպած չլինեի, այդպես էլ երբևէ չէի խոստովանի իմ ինքնությունը։ Որտեղից այդքան ատելություն սեփական եսի ու խայտառակ թվացող հայրենի եզերքի նկատմամբ։ Այդքան արյան, այդքան կյանքերի գնով ձեռք բերածը շվայտում էին մի բուռ դրածոներ։ Ամոթ, այդպես հեշտ խաբնվելու համար։ Կրկնակի ամոթ, լուռ մնալու համար։ Դասագրքերն ու հեռուստացույցը զնգզնգում էին ազգ, հայրենիք, պետություն՝ եռագույն, քառագույն, բազմագույն բառերով, մինչդեռ ինձնմանների կյանքը աշխարհի այդ անկյունում շատ բան չարժեր։

Գաղափարներով կամավոր պատերազմ մեկնած ու պատերազմում իրենց գաղափարների իսկական դեմքը տեսած զինվորներին դժվար էր խաբել։ Ազնիվ ու համամարդկային պատերազմներ չկան։ Քո առջև կանգնած թշնամու զինվորին էլ են նույնն ասել, ինչ քեզ։ Պաշտպանիր մորդ, քրոջդ։ Այդ որ օրվանից էիր դու ցանկանում սպանել նրա մորը։ Այդպես, հավերժաբար պաշտպանիր ասելով՝ սպանել են պահանջում։ Դժվար էր ծիծաղել արդարություն փնտրող այդ անմեղ հոգիների քթին։ Աշխարհում ամենուրեք նրանք տեղ չունեն։ Իսկ օտարի ոտքը լիզող, հավերժաբար օտարի ոտքը հեզաճկուն լիզող աշխարհի անկյուններում նրանց կյանքը անթույլատրելի շռայլություն է։ Նրանց գնդակահարեցին թիկունքից։ Ծախեցին թշնամուն, ոչ քո Ժաննա Դ՛արկի նման, ծախեցին անձայն, անաղմուկ։ Ինձ ասում էիր՝ամենալավ գինին էլ տականք ունի։ Մեր գինու կեսը դարերով դուրս է հոսել։ Դու երբևէ ապրել ես այն անկյուններում, ուր իրենց քեզ տեր համարողները ուրիշների ստրուկներն են։ Անհագուրդ, չկշտացող, չտես ստրուկի ինքնահիացումը։ Ես եմ տերը, արդեն ունեմ պալատ ու լիմուզին։ Ու հապշտապ, ամանի պարունակության կեսը՝ շտապելուց աջ ու ձախ թափթփելով է ուտում, ավերում մնացածը։ Գույնզգույն ու տարատեսակ ոճրագործներ։ Ե՞րբ են հիշում իրենց եղբայրներին։ Տոկոսաբաժինները նվազելիս։ Տվեք իրենց հինգ տոկոսը, չորսը, երեքը, մեկը։ Համաձայն են։ Կապականեն իրենց երկիրը։ Կմերկացնեն հայրենակիցներին։ Կթունավորեն ջրերը։ Կկտրեն անտառները։ Կդատարկեն հանքերը։ Կծառայեն ում ասես։ Միայն թե ե՞րբ են Պարոն Հինգ Տոկոսներին հինգ տոկոս տալով բավարարվել։ Իսկ ինչո՞ւ ոչ՝ մեկ, կամ՝ ավելի եկամտաբեր՝ոչինչ։ Ոչի՞նչ։ Ահա՝ «Ոչնչի» հանդիսավոր պահին կհիշեն՝ հուսահատության ու թշվառության մատնած տնեցիներին։ Ու տնեցիները ամեն ինչ ներելով՝ նորից նրանց կօգնեն։ Լավ են սովորել ձևը՝ հայրենիք, հայրենիք գոռգոռալ, անարդարություն. տարբեր ժամանակներում տարբեր են ինձ նմաններին ոտքի հանող գաղափարները։

Ու նորից տուն ու հող չեն տա, բայց կխլեն մեր ունեցած ամենաթանկը։

Քաղաքական ինչ կառույց ուզես, ծառաների ու բռնատերերի ինչ երկիր ասես, պարուրվում է հուզիչ սիրով, երբ քո հայրենի եզերքն է։ Ինչ ասես կարելի է ներկել հայրենի եզերքի հուզիչ ներկով։ Առանց հուզվելու ներկը լվանալ՝ քեզնից սովորեցի։ Քեզնից սովորեցի տեսնել, որ բանն ազգության մեջ չէ, բոլոր հայրենիքներում կան գաղափարների նվիրվողներ ու այդ գաղափարներով վարժ ու ճկուն, մեր կյանքերի գնով առևտուր անողներ։

 

***

Հայրենի եզերքի սերը որպես խայծ կուլ տալու մասին, դեռ իմ մանկության՝ այժմ ուրիշ մի կյանքի պատկանել թվացող հեռավոր տարիներին, ինձ պատմում էր հորս հորեղբայրը։ Աշնան քանի-քանի խոնավ երեկոներ, թափանցիկ, նիհար, դյուրաբեկ այդ ծերունին, որին խորխը թքելու տխուր սովորությունն իսկ զզվելի չէր դարձնում, բուխարու կրակի բեկբեկուն լույսի տակ ինձ էր պատմում այլևս որևէ մեկի չհետաքրքրող իր կյանքը։ Եղեռնից փրկված, ամերիկյան որբանոցներում մեծացած, հպարտություն էր իր համար Բոստոնի տնտեսագիտական դպրոցներից մեկի շրջանավարտ լինելը։ Ո՞ր գաղափարի համար ամեն ինչ թողեց՝ վերադարձավ հայրենիք։ Անտեղյակ, որ բուրգի վերևներում, մի տեղ, իր գալուց էլ առաջ, որոշել են, որ իր նմանները հաղթանակած երկրի տեխնիկայի մեջ սպրդել ցանկացող լրտեսներ են։ Իր բարձրարժեք մասնագիտական հմտությունների կարիքը ոչ ոք չունեցավ Սիբիրյան ցրտի ու քաղցի կենդանական պայքարում իր երիտասարդության լավագույն տարիները վատնելու ժամանակ, որ կենդանի մնա՝ վերադառնա, ոչ էլ հետո՝ երբ վերադարձավ։ Ծերացած ու թոքախտավոր՝ բեռ էր հայրենիքին, ու ոչ մեկի չէր հետաքրքրում նրա կյանքը։ Փայլուն, խելացի այդ տղամարդը՝ արժանի հայր ու ամուսին լինելու, ոչ ընտանիք ունեցավ ոչ՝ երախտագիտություն։ Ավերված այդ կյանքի պատմությունը՝ որ հուզելուց բացի, այլ հետք չէր թողել իմ հիշողության մեջ, կհառնի այլ գույներով, երբ կհարցնես. « Մեր կյանքը նրանց աչքին արժեք չունի, ինչու են հանկարծ ընկնում մեր սիրո ետևից։ Պատմությունն այդ հարցին պատասխանում է,- կասես, — միշտ էլ դարեր անց»։

 

***

Որ պատմություն դասերը չգիտեմ, նույնպես հասկացա քո կողքին։ Հեշտ չէ պատմություն իմանալը, երբ սովորում ես նրանց դպրոցներում։ Հաղթողներն են գրում պատմությունը։ Անժխտելի փաստերը կեղծելու համար բոլոր ժամանակներում, աշխարհի բոլոր անկյուններում իշխողներն ունեն իրենց կրունկը հեզաճկուն լիզողների բանակ, որ պատրաստ է իր միտքն ու խելքը նվիրաբերել այդ լավ վարձատրվող, փառաբանվող գործին։ Իրենց ոճիրների համար անքուն գիշերներ չեն անցկացնում։ Հեզաճկունների մրցանակակիր բանակը կգտնի քառասուն կաշի՝ մեկը մյուսից գունագեղ ու սիրուն, քառասուն մեղեդի, վեպ, կինո, քառասուն տակ թաքցնելու, ձևափոխելու, մեղմելու, այդ ոճիրները անճանաչելի դարձնելու, ու նրանց համար հերոսական անցյալ հորինելու համար։ Զնգզնգան բարոյական պահանջները նույնպես՝ բոլորի համար միևնույնը չեն։ Ես կյանք եմ պարտք հայրենիքին, մինչդեռ իրենց՝ հայրենիքն է պարտք։ Պարտք, որ իր ընդերքի հարստությունը նրանց ոտքերի տակ դնելով մի օր գուցե կկարողանա փակել։ Նրանց խրատները ինձնմանների համար են։ Օ, իրենց որդին փայլուն զինվոր էր լինելու հենց առաջին գծում, կյանքը հայրենիքին նվիրելու պատրաստ, բայց առայժմ ժյուրիի որոշմամբ՝ փայլուն գիտնական է, նույն ժյուրիի որոշմամբ՝ անփոխարինելի երաժիշտ, հանճարեղ այդ մատիկներին բիրտ աշխատանքը հակացուցված է։ Համաշխարհային բանկը նրան խնդրեց չմերժել աշխատելու հայրենիքից, պատերազմից հեռու մի երկրում, գնալ չէր ուզում, բայց բանկի գործերը առանց իրեն կանգ էին առել, ու գիշերները լաց է լինում, որ չկարողացավ զինվորագրվել առաջին գիծ մեկնելու համար։ Ահա այդ բախտը, այդ երազը մեծահոգաբար նվիրաբերում է ինձնմանների։ Կային ժամանակներ, երբ ժողովրդի բարօրության անունից կոտորում էին այդ ժողովրդին։

— Մեր ժամանակներում բռնապետները զինված չեն ու համազգեստ չունեն։ Քեզ նվիրում են ընտրություն ունենալու խաբկանք՝ քո առաջ դնելով տարբեր գույներով ներկված նույն ու միակ գաղափարը՝ իրենց շահերի համար կռվել-մեռնելու, ուժից վեր աշխատելու գայթակղիչ, կայծկլտուն պատիվը։ «Մեր ճառերի ընդմիջումներին քեզ հեռուստացույցով ցույց կտանք, հերոս»։ Նայիր աշխարհի տերերին՝ հայրենիք չունեն, կապիտալն է նրանց հայրենիքը։ Բայց նույնիսկ իրենց կապիտալի համար կյանք չեն զոհաբերի։ Իրենց կյանքը, ոչ քոնը, հերոս։ Թող ինձ մեղադրեն ինչքան ուզում են, ինչում ուզում են, կյանքից կարևոր ոչինչ չգիտեմ։

Հիմա, երբ տեսնում եմ ինչպես են օր օրի մեծանում մաշկիս փակցվող մորֆինի թաղանթները, կարող եմ հաստատ ասել՝ չեմ զղջում, որ աշխարհում ոչ մի տարածք իմը դարձնելու համար կյանք չեմ նվիրել։ Խախուտ, անհաստատ, բեկուն, չնչին պատեհությունից կախված, այնպես արագ անէացող կյանքը։ Չեմ զղջում ու զղջա մի օր, արդեն անհնար է, որովհետև ապրելու օրեր էլ չեն մնում։ Թող ինձ մեղադրեն ինչքան ուզում են պայթուցիկներով լեցուն գոտին մեջքիս կապած չլինելու համար։ Ու ապրած լինելու համար իմ կյանքը, որ իրենք չեն ինձ նվիրել։

— Արդար գաղափարները բազում են ու գայթակղիչ։ Դրանց համար մեռնել համաձայն եմ, բայց հարյուր տարվա երկար, դանդաղ մահով։

Վաղուց, վաղուց իմ ներկայությամբ արդեն չեն ծխում, բայց պարզ հիշում եմ ծխախոտի հոտը։ Ծխախոտի հոտ բուրող քո մատները շերտ առ շերտ մաշկիցս պոկում էին մեղքի զգացման շապիկը։ Մեղքի, մշտապես մեղավոր լինելու, մեղապարտի զսպաշապիկը վաղ մանկությունից են մեզ հագցնում։ Հավատացյալ չեն, բայց կրոնի պարտադրած բոլոր կապանքները խնամքով նորոգում ու հոգատարությամբ հսկում են, որ իրենց տեղում մնան։ Անսեթևեթ, թեթև արձակում էիր կապերը, որ հասկանամ՝ կյանքը իմն է։ Ես՝ ոչ մեկի, ու ոչ ոք ինձ կյանք պարտական չէ։ Եթե մի բան ունեմ որդուս ասելու՝ ականջ դիր, վստահիր կենդանու քո բնազդին, մի լսիր նրանց, գնա կյանքի ճանապարհով։ Աշխարհը լի է մահվան գաղափարախոսներով ու նրանց վաստակաշատ թմբկահարներով՝ մինչդեռ նրանցից ո՞ր մեկին ես տեսել կամովին մեռնելուց։ Արել են ինչ կարող են կենդանի մնալու համար, մինչև վերջին պահը զոհաբերել են հազարավոր քոնմանների կյանքը, իրենցը փրկելու համար՝ բունկերներ են կառուցել, մահից հետո ապրելու համար՝ բուրգեր։

 

***

Քանի դեռ հաշված չէ մեզ մնացած ժամանակը, կարծում ենք, թե կյանքը անվերջ է, ամեն բան կարող է նորից ու նորից սկսվել։ Հիմա, երբ արդեն կյանքից ոչինչ չեմ սպասում, երբ նույնիսկ խոսելն ինձ հոգնեցնում է՝զարմանալի հեշտ է տեսնել՝ որտեղից է սկիզբ առել քեզ հանդիպելու իմ ճանապարհը, դեպի կյանք տանող ճանապարհը։ Աշնան խոնավ առավոտների թափանցիկ պարզությամբ տեսնում եմ այդ հեռավոր պահը, այդ գիշերը։

Հաստատ գիտեմ՝ գիշերը։ Տոն էր, ինչ-որ շքեղ հանդիսություն։ Երեխայիս գրկած եկել էի մասնակցելու ու մոռացել էի արվարձան վերադարձող ամենավերջին ավտոբուսի մասին։ Պայծառ լույսերով ողողված փողոցներում, ամբոխի մեջ՝ հանկարծ հայտնվում էր ուրախ ու անհոգ մի խումբ, որ արագ անհայտանում էր այնպիսի դռների առջև, որ ինձնմանները մոտենալ իսկ չէին համարձակվում։ Ահա այդ իրիկուն, երբ հրավառությունների ու համերգների մեջ ամբոխը տոն էր փնտրում, երբ փողոցները մարդաշատ էին, ու տխուր էին բոլոր հայացքները, անհանգիստ, ինձ պես անհաղորդ՝ հսկա էկրաններից հորդող ստահունչ ու իբր տոնական մեղեդիներին, այդ իրիկուն հասկացա, որ արդեն օտար եմ։ Մինչ մտմտում էի, ինչպես տուն վերադառնալ, որտեղից տաքսի գտնել, ինչքան է պահանջելու տաքսու վարորդը, փողոցները դատարկվեցին։ Բայց նույնքան պայծառ լուսավորված էին ու ավելի ցուրտ չէր, քան իմ տանն էր լինելու։ Երեխային գրկած՝ քայլեցի, որքան կարող էի։ Վերջին ավտոբուսի կանգառի նստարանին՝ երեխան, իմ բրդյա շալով փաթաթված, գլուխը ծնկներիս, քնեց։ Ահա, թե ինչ արժեր այդ անճաշակ, մաշված բրդի կտորը, քեզ անհայտ մի եզերքից քո հայրենիք հասած, որ համառորեն աղբարկղ չէի նետում։ Ու հաստատ գիտեմ, հենց այդ գիշեր էր, վերջին ավտոբուսի կանգառի այդ նստարանին, որ աշխարհն ինձ մեծ երևաց, ու այլուրը՝ ցավալիորեն հմայիչ։ Այդ գիշեր էր, որ հասկացա՝ նույնքան օտար կարող եմ լինել ամենուրեք։ «Ոչ սիրելիս, ոչ։ Այս կյանքով էլ չեմ ապրելու», ասացի այդ գիշեր։ Խոստացա ինքս ինձ։ Ու ես, որ կյանքում մի կենտ վիճակախաղ իսկ չեմ շահել, այդ գիշեր շահեցի ապրելու ուրիշ մի ձև, ուրիշ մի կյանք, որի անունը դարձավ այն պատահական, հիմար անունը, որ արտաբերել էի ատելի դարձած սիրելի եզերքից դեպի անհայտը սահման անցկացնող ավազակի առաջ։

Այդ անունը, որ իմ հեռանալուց հետո էլ թողեցիր գրված քո դռան վրա։ Իմ ուրիշ կյանքի անունը, որ ապրելու էի առանց զսպաշապիկի: Չեմ զղջում դեպի անհայտը գնալու իմ հանդգնության համար։ Միայն թե ամեն հանդգնություն վճարելու իր գինն ունի։

Categories: Արձակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.