Աննա Բաբաջանյանի «Դա եղել է այսպես…» գրքից

Երբ 1954-ին ռեժիսոր, Մոսկվայի կինոինստիտուտի դիպլոմանտ Մոկո Հակոբյանն իր շուրջը հավաքեց երիտասարդ դերասանների ու հանձն առավ «Ոսկե ցլիկ» կարճամետրաժ կինոկատակերգության նկարահանման աշխատանքները, պատկերացում անգամ չուներ, որ կոլտնտեսության ֆերմայի մասին այս ֆիլմը կդիտեն անգամ տասնամյակներ անց: Քչերին է հայտնի, որ նախնական տարբերակով ֆիլմը կոչվում էր «Կորցրած միլիոնը»: Սցենարը գրել է մասնագիտությամբ բժիշկ Ժորա (Գևորգ) Հարությունյանը: Հետագայում նրան միացել է երկրորդ սցենարիստը, և  սյուժեն խիստ փոփոխության է ենթարկվել:

Սակայն ո՞վ կմտածեր, որ «Ոսկե ցլիկը» Նաջարյանի դե­րակատարի` ժողովրդական արտիստ Գուրգեն Գաբրիելյանի համար դառնալու էր ճակատագրական: Սա նրա վերջին ֆիլմն էր. ամիսներ անց դերասանը պիտի հրաժեշտ տար կյանքին:

Այսօր էլ կան մարդիկ, որոնք կարծում են, որ հատկապես այս ֆիլմի աշխատանքային ընթացքն էապես անդրադարձավ դերասանի առողջական վիճակի վրա: Ով դիտել է «Ոսկե ցլիկը», կհիշի այն տեսարանը, որտեղ ­Նաջարյանի երազում վագրը հետապնդում է նրան: Այդ դրվագը նկարահանվել է Երևանի Ֆլորայի այգու ամառային դահլիճում: Վագրը պատկանում էր ռուս հայտնի վարժեցնող Վալտեր Զապաշնիին, որն այդ օրերին հյուրախաղերով գտնվում էր Երևանում: Հենց նրա գիշատիչ «սանն» էլ հուզմունքի առիթներ է տալիս Գաբրիելյանին:

Բանն այն է, որ նա համաձայնվում է այդ կադրերում հանդես գալ առանց փոխարինողի և առանց կոմբինացված նկարահանման: Հետագայում, երբ դերասանն անկողին է ընկնում, բժիշկները ենթադրում են, որ հիվանդի մոտ առկա ախտանիշներ կարող էին առաջանալ ուժգին ապրումներից: Եվ Գաբրիելյանն էլ խոստովանել էր, որ վագրի հետ տեսարանում նա իսկապես հուզմունքի ծանր պահեր էր ունեցել: Ֆիլմի դերակատարներից մեկի՝ Իշխան Ղարիբյանի որդին՝ լրագրող Վադիմ Ղարիբյանը հիշում է, թե ինչպիսի ոգևորությամբ էր հայրը պատմում կինոնկարի, հաջողված ստեղծագործական կազմի և, մասնավորապես, Գուրգեն Գաբրիելյանի մասին. «Հայրս միշտ ասում էր, որ իր համար մեծ բախտավորություն էր հանդես գալ «Ոսկե ցլիկում»՝ կերտելով իր առաջին դերը կինոյում, հպարտություն էր աշխատել այդ անձնակազմի հետ: Նա հատկապես դրվատում էր Նաջարյանի դերակատարին, ինչպես ինքն էր ասում, այդ հումորով, անմիջական, բարեհոգի ու եռանդուն մարդուն և ռեժիսոր Մոկո Հակոբյանին, որը, լինելով հորս մտերիմը, հրավիրել էր նրան նկարահանվելու ֆիլմում»:

Վադիմ Ղարիբյանն անդրադառնում է հոր պատմածներին: Պարզվում է՝ ֆիլմի նկարահանման օրերից մեկը համընկել էր Մոսկվայի «Դինամո» մարզադաշտում 1954 թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած Կիևի «Դինամո» և Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմերի պատմական հանդիպման հետ: «Հայրս ասում էր, որ ֆիլմի նկարահանման հրապարակում բարձրախոսներ են տեղադրված եղել, և անձնակազմը աշխատելուն զուգընթաց հետևել է մարզադաշտից հաղորդվող ռեպորտաժին»:

Ի դեպ, որդու խոսքով` հայրը, որը «Ոսկե ցլիկում» բեռնատարի վարորդ էր խաղում, մեքենա վարել սովորել է ֆիլմի նկարահանման օրերին. «Մի անգամ նա նույնիսկ հազիվ է փրկվել վթարից. փորձերից մեկի ժամանակ հայտնվել է գրեթե անդունդի եզրին»:

Դերասանուհի Ժաննա Ամիրջանյանի` Գեղարվեստաթատերական ինստիտուտի ապագա սանի համար, որն այդ ժամանակ նոր էր դպրոցն ավարտել, «Ոսկե ցլիկը» դեբյուտային էր. «Ես քաղաքի աղջիկ էի, բայց գյուղացու դերում էի հանդես գալիս, անընդհատ ուզում էի խնամված երևալ, հարդարված տեսք ունենալ, բայց ռեժիսորը չէր թողնում՝ ընդգծելով, որ պետք է գյուղի աղջկա նման լինեմ»: Պարզվում է նաև, որ, թեև ֆիլմում նկարահանվել էր ինքը, բայց փոխարենը ձայնագրվել էր գյուղացի մի աղջիկ, որի առոգանությունն ավելի հարմար էր տվյալ դրվագին:

Ի դեպ, այն տարիներին Խորհրդային Միությունում տարածում չունեին զգեստները, որոնց վրա կարելի էր գրառումների հանդիպել: Իսկ ահա այս ֆիլմում տեսնում ենք մի աղջկա, որի շապիկին գրված էր «Նոր ուղի» կոլտնտեսության անունը:

Ֆիլմը սկզբնական շրջանում սուր քննադատության է ենթարկվում Գեղարվեստական խորհրդի կողմից և չի ընդունվում. առաջարկում էին որոշ հատվածներ նորից նկարահանել: Պատմում են, որ դրա հետևանքով մի քանի անհամապատասխանություններ են ի հայտ գալիս: Օրինակ՝ Նաջարյանը Պողոսին հարցնում է այն մասին, թե հորթին ուր տարան, մինչդեռ նա արդեն իր տան առաջ տեսել էր բեռնատարը և նույնիսկ դրա ետևից բացականչել էր. «Կանգնի՛ր»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.