Տպագրվել է «Գրական թերթի» 1981-ի 21-րդ (մայիսի 22) համարում՝ Վիլյամ Սարոյանի մահվան կապակցությամբ:

1978 թվականի հոկտեմբերին նա եկավ Հայաստան… (այսօր ցավով ստիպված ենք ասել՝ վերջին անգամ եկավ): Դրանից երկու տարի առաջ ինքն էր ցանկությունս հայտնել, որ մասնակցի հայ և ռուս ժողովուրդների մեծ տոնին: Բառիս զտարյուն առումով համաժողովրդական այդ տոնախմբությանը, որ հանդիսատես չունեցավ, որովհետև մասնակից-գործող անձ էինք ամենքս, Վիլյամ Սարոյանը նույնպես հանդիսատես չեղավ: Ես հիշում եմ նրա դեմքը «Ռոսիա» կինոթատրոնում, երբ հինգ ժամ անընդհատ, ռուսերեն չիմանալով, նա հետևում էր հռետորների խոսքերին և հետո ասաց, որ «ադիկա իր կյանքի ամենապատվական օրն էր». չէ՞ որ իր փոքրիկ հողակտորի վրա հավաքվել էին աշխարհի հզորագույն պետության բոլոր ժողովուրդների բարձրաստիճան ղեկավարները և իրենց ժողովուրդների լիազորությամբ եղբայրության խոսք էին ասում Հայաստանին: Վիլյամ Սարոյանը տեսավ ժողովրդական հուզումների հիասքանչ բարձրակետը «Հրազդան» մարզադաշտում, տեսավ ութսուն հազար հայ միասին՝ համակված նույն ոգևորությամբ և , մի քանի օր շարունակ կրկնում էր՝ «ադիկա շատ լավ էր»:

Այդ օրերին մենք նշեցինք նրա սքանչելի հոբելյանը (դրանից երկու տարի առաջ մենք էինք հրավիրել, որ նա իր նախահայրերի տանը լինի նաև սեփական 70-ամյակի օրերին): Նա չուզեց հոբելյանական շքեղ հանդիսություն, մի բան, որ նա յոթնապատիկ էր վաստակել ստեղծագործական և մարդկային իր տառապանքի  ազնիվ պտուղներով:

Վիլյամ Սարոյան… Բարի, ուժեղ, անպաշտպան, խենթ ու իմաստուն մի գրող, որ եկավ աշխարհին ու մարդուն նայեց հանճարեղ երեխայի աչքերով, ողջ կյանքում չդադարեց զարմանալուց և միամիտ, հաճախ տարօրինակ հարցումներ էր անում ամենքին: Նա կարող էր հրճվել, երեխայի պես ուրախանալ մարդու պարզ մի անուն՝ Սարգիս, Սանասար կամ Շուշանիկ լսելով և կարող էր ուրախացնել ամեն մեկին ասելով՝ «Շուշանի՞կ, շատ պատվական անուն է»:

Ես չեմ մոռանա, թե նա ինչ զարմանքով էր լսում, երբ պատմում էի իմ ծննդավայրի՝ Աշտարակ գյուղի մարդկանց հին սովորությունը, երբ ինչ-որ ուրախալի բան էր պատահում, նրանք բարձրանում էին գերեզմանատունը, որ լուր տային այն աշխարհ գնացած հարազատներին: Մենք երկար շրջեցինք Աշտարակի գերեզմանատանը քարերի մեջ, և ամեն քար նրա համար ապրող մարդ էր. «Ափսոս, որ չեմ հանդիպել իրեն»,- ասում էր նա մաքուր տխրությամբ: Հիշում եմ, Սարոյանը երկար կանգնեց Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հոր և մոր տապանաքարերի առաջ, երևի ճիշտ այն տեղում, որտեղ 150 տարի առաջ չոքել էր Ներսեսը և խոսում էր հոր հետ. «Բարձրացրու գլուխդ, հա՛յր, տես, թե ով է կանգնած իմ կողքին, ռուսները մտան Հայաստան, և եղավ այն, ինչ երազում էր քո լուսավոր հոգին»:

Օրեցօր փոքրացող այս մոլորակի բոլոր կողմերում մարդիկ սիրեցին նրա գրքերը, նրա խենթ ու անպաշտպան հերոսներին, որոնք աշխարհին բերում են նրան պակասող ամենակարևոր բանը՝ բարություն: Եվ նրա հերոսները, որոնցից յուրաքանչյուրի մեջ կար ինքը՝ մարդն ու գրողը, բարության դեսպաններ եղան՝ աշխարհին, մարդկանց սովորեցնելով, որ ավելի լավ է բարի լինել, քան չար, որ սիրել պետք է ոչ միայն ժողովրդին կամ մարդկությանը ընդհանրապես, այլև կողքիդ հարևանին, փողոցի միայնակ անցորդին, երեխային, ծերունուն, սիրել՝ իմանալով անգամ նրանց մեծ ու փոքր արատները:

Նա իր շուրջը լցնում էր ուրախությամբ ու աղմուկով, ծիծաղով ու զնգոցով, բայց գուցե նա աշխարհի ամենամենակ ու տխուր մարդն էր: Ոչ ոք երևի չտեսավ նրան՝ իր չորս պատի մեջ, ոչ ոք չլսեց նրա անքուն գիշերը: Նա գիտեր, լավ գիտեր, որ գրականությունն առնվազն մխիթարություն պիտի լինի մարդու համար և մեղվի նման, որ ծաղիկներից նաև թույն է հավաքում, նա իր փեթակում ավելի քան հիսուն տարի մեղր սարքեց մարդկանց համար՝ դառնությունը պահելով իրեն: Որովհետև նա մարդ էր և գրող: Նա շատերից ավելի լավ գիտեր, թե որքան անկատար են աշխարհն ու մարդը, բայց իր ամենատես աչքի և տաղանդի լուսարձակը երբեք չուղղեց այդ անկատարություններին և, մանավանդ, երբեք չհրճվեց, թե կարող է այնպես նկարագրել կյանքի այլանդակությունը, որ ապրելն անհնարին ու անիմաստ թվա:

Վիլյամ Սարոյանի այն գրքերում, որ ես բախտ եմ ունեցել կարդալու, միայն մի դառը տող եմ հանդիպել: Դա պատմվածքն է Անդրանիկ զորավարի մասին, ավելի ճիշտ հուշ՝ կարճատև մի հանդիպման, որ հավանորեն զորավարի ամենավերջին զրույցներից մեկը եղավ: Մոտավորապես եմ հիշում բառերը. «Մի քանի շաբաթ անց զորավարը մեռավ: Եվ լավ էր. այս աշխարհը նրա՛ նման մարդկանց համար չէր»: Պատմվածքի մի քանի էջի վրա Սարոյանը կարողացել է դիմանկարը մի մարդու մի մարդու, որ աշխարհ էր եկել հայր, սերմնացան ու բանաստեղծ լինելու: Եվ ո՞վ տեսավ Անդրանիկի մենակությունը, ո՞վ լսեց նրա ցավատանջ լռությունը, ո՞վ կիսեց նրա անքուն գիշերը: Ոչ ոք, որովհետև նա զինվոր էր: Ոչ ոք չտեսավ նաև Վիլյամ Սարոյանի մենակությունը, չզգաց և, ուրեմն, չկարողացավ կիսել նրա դառնությունը, որովհետև նաև գրող էր, ուրեմն, նույնպես զինվոր:

150-ամյակի օրերին մենք անցկացրինք թարգմանական արվեստի օր, որ վերածնունդն էր թարգմանչաց տոնի և նախերգը ավելի շքեղ հանդիսությա, որ պիտի լիներ մեկ տարի անց: Այդ օրը, Օշականի ճանապարհին, հայոց այբուբենի հուշասյան առաջ հավաքվել էին աշխարհի քսան երկրներից եկած թարգմանիչներ: Եթե իրերի խորքը թափանցենք՝ այդ հուշասյունը նույնպես զինվորների պատվին է կանգնեցված, երեսունվեց զինվորի, որ արդեն 1600 տարի շարքի մեջ են և շարքի մեջ են լինելու միշտ: Նրանց համար չկա զորացրում, և այդ զինվորները նաև նրա՝ Վիլյամ Սարոյանի թիկունքին էին կանգնած:

Ես հիշում եմ նրա ուրիշ մի պատմվածքը, որ կարծեմ «Սուլիչ» վերնագիրն ունի. շքեղ նավի տախտակամածին բազմել են մեծահարուստ մարդիկ և նայում և նայում են ծովի կապույտին: Նրանք ամեն ինչ, թվում է, ունեն, բայց խեղդվում են ձանձրույթից: Այդ պահին տախտակամածով անցնում է փոքրիկ մի տղա: Նա սուլիչ ունի, սուլում է անընդհատ և հրճվանքով նայում երկնքին, ծովին, աշխարհին: Մեծահարուստներից մեկը երեխայից վերցնում է սուլիչը, սուլում է, հանկարծ, վերադառնում են աշխարհի գույները: Հետո սուլում են բոլոր մյուսները՝ հարուստ, ձանձրացած մարդիկ: Չնչին սուլիչը նրանց էությունն անսպասելիորեն լցնում է ուրիշ գրգիռներով: Ուրեմն, երջանկությունը պարզ բաներ ունենալու մեջ է, և այդ ևս փորձեց նա սովորեցնելիր գրքերով, իր ապրած մարդկային դժվար ու ազնիվ կենսագրությամբ:

Վիլյամ Սարոյանը շրջել է ամբողջ աշխարհը, նա բնակարան ուներ աշխարհի մի քանի քաղաքներում, բայց մենք գիտեինք, ինքն էր ասում, որ Հայաստանը իր հոգեկան քարտեզի ամենագլխավոր կետն է և, ուր էլ որ եղել է, ինքը միշտ «պոռացել է Հայաստան»: Աշխարհին հայտնի է նրա խոստովանությունը, լեզուն, որ գրում եմ, անգլերենն է, միջավայրը, նյութը, որից հերոսներ է քաղում՝ Ամերիկան, բայց ոգին, որ թելադրում է ինձ գրելու, Հայաստանն է: Ամերիկացի նրա հերոսների մեջ անգամ դժվար չէ կռահել հայ ժողովրդի հոգու դիմագծերը, որովհետև բոլոր այդ հերոսները հենց ինքն էր՝ բիթլիսցի Թագուհու և Արմենակի զավակ Վիլյամ Սարոյանը, և նրա սիրտը լեռներում էր…

Վիլյամ Սարոյան մարդու կյանքն ընդհատվեց իր ծնված քաղաքում, բայց իր սիրած Հայրենիքից հեռու: Մի մեծ շիրմաթմբով էլ տխրեց ու հարստացավ մեր ժողովուրդը: Բայց Վիլյամ Սարոյան գրողի կյանքը համաշխարհային գրականության ընթացքի մեջ է և այդ ընթացքի մեջ է լինելու միշտ, որովհետև նրա խենթ ու անպաշտպան հերոսներն աշխարհին բերում են նրան պակասող ամենակարևոր բանը՝ բարություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.