Արգելանոցում ապրում էին Գայլը, Արջը և Լուսանը։ Նրանց բնակավայրն այնքան ընդարձակ էր, որ իրենց զգում էին համարյա բնական պայմաններում։ Նրանք իրենց համարում էին երջանիկ, որովհետև կեր հայթայթելու համար չէին մտահոգվում։ Անտառի առանձին վայրերում նրանք մշտապես գտնում էին նախատեսված մսացուն՝ մորթված, մաքրված մսի տեսքով այնպես, ինչպես վայել է
քաղաքակրթված աշխարհում։

Այդ Արգելանոցի ամենակարևորագույն նվաճումն այն էր, որ կենդանիները ազատագրված էին դարավոր ահից, չէին վախենում ոչ իրարից, ոչ էլ մարդկանցից։ Իրենց խելքի կենդանական մակարդակի համապատասխան նրանք կռահում էին, որ իրենց համարում են նվազող, հազվագյուտ տեսակներ, որոնց պետք է խնայել, պահպանել, բազմացնել օրենքի հովանավորության տակ։ Աստիճանաբար ամրացած այդ ինքնավստահությունից էր, երևի, նրանք չափազանց լկտիացել էին։

– Ես,- ասում էր Գայլը,- ի վերջո հասա իմ նպատակին, ձեռք բերեցի բարձր կենսամակարդակ։ Այդ մարդ կոչեցյալներն ընդունեցին իմ գոյության անհրաժեշտությունը բնության ուժերի հավասարակշռության մեջ։ Այդ հիմարները վերջապես հասկացան, որ չկա բարիք առանց չարիքի։

– Դու գայլ ես,- ասում էր նրան Լուսանը,- անվիճելի է։

Բայց հո չե՞ս մոռացել, որ քո պապը սոված թափառում էր, սրա-նրա հոտից ոչխար էր գողանում, իսկ ձմռանը տկլոր ու անտուն սրթսրթում էր սառնամանիքից։ Իսկ ինձ մարդիկ գնահատեցին որպես հոգևոր արժեք։ Լեզվաբաններն ստուգաբանեցին լույսի ծագումնաբանությունը և հասկա­ ցան, որ այդ հրաշալի Լույսը առաջանում է Լուսանից։ Չլիներ Լուսանը՝ լույսը գոյություն չէր ունենա։

– Շատ էլ ես կիսագրագետ եմ,- ասում էր Արջը,- սակայն իմ ձեռքբերովի ազնվական ծագումը բացահայտ երևում է իմ «Արջ» տիտղոսից, որը «առաջին» բառի կրճատված ձևն է։ «Ռ-ր»-ի փափուկի, կոշտի վրա չվիճենք։ Կենդանիների մեջ ես առաջինն էի, բայց Անարդարությունն այդ կոչումը շնորհել էր Առյուծին։ Տերը թող ների նրա մեղքերը։ Ես քեն չունեմ այդ ինքնակոչ գիշատչի նկատմամբ։

Այսպես ապրում էին պարծենկոտ ու երջանիկ, երբ օրերից մի օր Արգելանոցում հայտնվեց մի խեղճուկրակ դաշտային մուկ, որը վախվորած՝ ապրում էր ծանր հանցանք կատարածի զգացողությամբ։ Նա մտնում էր մի ծակից մյուսը և պատառ ու մնացորդ էր թռցնում, արգելանոցի արտոնյալ կենդանիների բաժիններից։ Թշվառական այդ կյանքի համար նա պարտական էր այն պարզ փաստին, որ ինքը հազվագյուտ կենդանիների թվին չէր պատկանում։ Դրան գումարվում էր և այն, որ ինքը կրծողների ընտանիքից էր։

Սա կրծում, տանջում էր և ուրիշների խիղճը, և սեփական հոգին։ Մի խոսքով նա անհանգիստ, ավելորդ տարր էր Արգելանոցի կենդանաբուսական ներդաշնակության մեջ։

Եվ ահա կատարվեց անխուսափելին։ Արգելանոցի Տնօրենը մի օր, թեպետ հեռվից, բայց տեսավ այդ Մկանը, որը գրանցված չէր իր տրամադրության տակ գտնվող գույքացուցակի, ավելի ճիշտ՝ կենդանացուցակի մեջ։ Իբրև գործունյա անձնավորություն՝ նա անմիջապես միջոցներ ձեռք առավ, քաղաքից մկնդեղ բերեց և ցանեց իր Արգելանոցի տարբեր հատվածներում։

Մուկը ինչ ասես ուտում էր և մկնդեղին չէր մոտենում։ Հակառակի պես Գայլը, Արջը և Լուսանը բախտի զարտուղի նախախնամության շնորհիվ, օգտվեցին այդ դեղից, որ նախատեսված էր կրծողին՝ կյանք կոչված հիվանդությունից կտրականապես բուժելու համար։

Եվ մեր երեք արտոնյալները հիվանդացան։

– Վա՜խ, փորս,- մղկտում էր Գայլը,- այս ինչ ցավեր են։

Էրնեկ այն երջանիկ անցյալը, երբ իմ ցեղակիցները սոված էին լինում։

– Բոլորովին թուլացել եմ, աչքերիս լույսը մարում է,- ասում էր Լուսանը։

– Գլուխս պտտվում է, մարմինս ծանրացել է։ Չեմ կարողանում տեղիցս շարժվել,- ասում էր Արջը։

Ու ոռնում էին ցավերից։ Մարդու սիրտը կկտրատվեր այդ աղաղակները լսելուց, էլ ուր մնաց գազանների Տնօրենի սիրտը։ Նա իսկույն քնից արթնացրեց Անասնաբույժին.

– Վեր կաց, անիրավ։ Գազանների կյանքը լուրջ վտանգի տակ է։

Եվ երկուսով վազեվազ հասան շտապ օգնության։

Անասնաբույժը, որ ժամանակին եղել էր բժիշկ Այբոլիտի տաղանդավոր ուսանողը, քննեց գազաններին և ճիշտ ախտորոշեց նրանց հիվանդությունը։

– Թունավորվել են,- ասաց նա,- մկնդեղ են կերել:

Տնօրենը գույն տվեց, գույն առավ։ Վերստուգիչ հանձնաժողովը կգա և նրա բմբուլը քամուն կտա, թեև ինքը հեշտությամբ կուլ գնացող, վեր-վեր թռչող կենդանիների ընտանիքին չի պատկանում։ Եվ նա հնարամտորեն, դերասանավարի բացականչեց.

– Ա՜խ, հանցագործ Մկան գործն է։ Մկան ստեղծած դեղն է այդ մկնդեղը։ Այդ գարշելի գյուտի հեղինակը ինքը՝ Մուկն է, այլապես ինչո՞ւ թույնի անունը մկնդեղ պիտի դնեին։ Նա ուզում է խորտակել մեր Արգելանոցի գազանային երջանկությունը։ Կորչի Մուկը, մա՜հ Մկանը…

Տնօրենի խոսելու ժամանակամիջոցում Անասնաբույժը հակաթույն սրսկեց Գայլին, Արջին և Լուսանին։ Նրանք աշխուժացան և միասին գոչեցին։

– Մա՜հ Մկանը…

– Կորչի՜ կրծողը…

– Կորչի՜ արտաարգելանոցային անասունը…

Եվ միասնական ուժերով սկսվեց հանցագործ Մկան որսը։

Բայց այս անգամ էլ Մկան բախտը բերեց։ Պատահաբար թփի տակ մտած՝ նա լսել էր արտոնյալ կենդանիների ընդունած պատվավոր որոշումը իր անձնական ճակատագրի վերաբերյալ։

Ազատվելով գազանային հալածանքից, նա դուրս պրծավ Արգելանոցից և խելակորույս վազքով հասավ քաղաք։ Նա անչափ զարմացած էր, որ մկնդեղի գյուտն ու արտադրությունն իրեն են վերագրում։
Խուսափելով անպատեհ թափառող կատուներից, Մուկը հասավ ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ և պարզեց բառաբարդական թյուրիմացությունը և Արգելանոցի տնօրենի զրպարտությունը։

Արդարությունը հաղթանակեց։ Տնօրենին ազատեցին աշխատանքից։ Իսկ Մկանը համոզեցին, որ վեհասքանչ գործ է ծառայել առաջընթացին։ Նա ուրիշ կրծողների օրինակով իր անձը տրամադրեց գիտափորձերին՝ հանուն գիտությունների բազմակողմանի բարգավաճմանը։

Categories: Արձակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.