Ծագումնաբանությամբ Նազարը աշխարհինն է: Վախկոտ-պարծենկոտ-հաջողակի կերպարը շրջել է երկրագնդի գրեթե բոլոր լայնություններով, Տարասկոնցի Տարտարենի, Բարոն Մյունխհաուզենի առասպելական գեղեցկությունների միջով ձեռք մեկնելով մեր Փանջունուն և ծապլվարցիներին:

Նազարն ու նազարականությունը հատուկ «խնամքի» են արժանացել մեզանում (Հովհ. Թումանյան, Դ. Դեմիրճյան): Վաղուց հայրենիքն ու թագավորական իշխանությունը կորցրած ժողովրդի մեջ Նազարը հայտնվում է անողոք ու մեծամիտ ինքնահավանությամբ: Նրա զրույցն ու հեքիաթը լսում են խեղճ ու զուրկ մարդիկ և հավատում բախտի քմայքներին, թե թագավոր դառնալը նույնքան դյուրին բան է, որքան ցանկանալը, միայն թե բախտը բերի…

Ու հանկարծ խեղճ, անուսում, բոկոտն Նազարը մոտենում է գահին և նստում նրա վրա: Ու ոչ ոք չի մտածում, չի կասկածում , չի տատամսում, չի վիրավորվում, թե այդ ինչպես իրականում այդ ոչնչությունը՝ դատարկ տակառը, փտած կոճղը, Շչուկար պապի էին, որին փչել-ուռցրել են, դառնում է թագավոր և խորհում ամենքի փոխարեն, մտածում է, ուտում, զվարճանում, ծիծաղում՝ դարձյալ ամենքի փոխարեն:

Համաշրջանակ այս պրոբլեմը զբաղեցնում է շատերին: Գրողներին՝ առավել ևս: Եվ ահա Մկրտիչ Սարգսյանը, գրիչը ձեռքն առնելով, այնքան է ոգևորվում, որ ինքն էլ չի տեսնում, թե ինչպես պատմվածքը, որ պիտի գրեր, երկարել-ձգվել է, դարձել բազմաճյուղ, կնճռոտ, քաղաքական սրությամբ լի զվարճավեպ…

Ժանրային տեսակետից այս բնորոշումը մեզ ավելի ստույգ է թվում, քանի որ հեքիաթը, որպես այդպիսին, բացակայում կամ գրեթե բացակայում է շարադրանքի և պատմելաձևի մեջ: Դրան հակառակ, նկատելի են հեղինակի ջանքերը ժամանակի մեջ դնելու, որոշակիացնելու, հեքիաթի ու ասքի համ ու հոտից զրկելու ամբողջ պատմությունը: Եվ ոչ միայն այդ ամենուրեք նազարական հաջողություններն ու կարիերան պատճառաբանելու, հիմնավորելու, ռեալիստական դարձնելու գրողի ջանքերը պսակվում են հաջողությամբ, քանի որ նա իր հերոսին նայում է ոչ թե որպես հեքիաթի հերոսի, այլ որպես մի մարդու, որ հիմա էլ կա, ապրում է երկրագնդի ինչ-որ անկյունում:

Հեքիաթի իսկությունը ձևելով 10-րդ դարի իրականության վրա, Մ. Սարգսյանը փորձել է այդ իրականությունից դուրս բերել գլոբալ խնդիրը՝ ինչը և ինչպես հաղթանակի է հասցնում բախտից երես առած քաղաքական կարիերիստներին, ինչը և ինչպես քաղաքական կարիերիզմը վերածվում է ֆաշիզմի ու համախմբում իր շուրջը աշխարհը աղետի ենթարկելու պատրաստ մոլագար խավարամիտներին, ինչը և ինչպես հնարավոր է դարձնում երկրի վրա բռնությունը, մատնությունը և սպանությունը:

Հեքիաթի պարզունակ-անհեթեթ խղճահարույց Նազարը գրողի պատումներում վերաճում է դաժան, նենգ, դավադիր, փառասեր տիրակալի կերպարի: Սրանց երկուսի մեջ մի ընդհանրություն կա- վախկոտությունը, և Մկրտիչ Սարգսյանը ամեն պարագայի ընդգծում է դա, շեշտում, դարձնում նշանակետ, բարոյախոսության հիմք, բախտի քմայքները հասկանալու բանալի. «Աշխարհի ամենավտանգավոր մարդիկ վախկոտներն են…»:

Բախտը և վախկոտությունը որոշում են արարքի բարոյական բովանդակությունը: Հրամայական ու ճակատագրական է դառնում այս դեպքում ամեն ինչ արդարացնող պատահականության և ամեն ինչ գլուխ բերող դաժանության բարեկամությունը: Արքան ծնվում է այդ բարեկամությունից. Քաջ Նազարը դրա արդյունքն է: Անպայմանականը՝ հոգևոր պարապությունն է, որ քարշ է գալիս անծայր փառասիրության ետևից: Եվ դաժանանում է տիրակալը, և գերագույն ռամկական դատարկությունը լցվում է անհագուրդ ծարավով… մարդկանց արյուն խմելու, որովհետև նրա պատկերացմամբ տիրելը բռնություն է, իսկ խիղճը՝ «թագավորի թշնամին»: «Խիղճը իշխանությունը գերեզման տանող հիվանդություն է»:

Նազարի իշխանության գլուխ բարձրանալը Մկրտիչ Սարգսյանը նկարագրում է ամենայն մանրամասնությամբ: Դա ոճիրների, դավադիր ու նենգ դիվանագիտության, խարդախ ծուղակների ու պատահական հաջողություններից հյուսված քաղաքական բռնությունների անվերջ մի շղթա է: Նազարը ձգում է շղթան և ոլորում թշնամի պետությունների արքաների վիզը:

Նազարի գեղարվեստական նկարագիրը վերաճում է բռնության խորհրդանիշի: Հոգևոր աղքատության, երեսպաշտության, փարիսեցիության, կեղծիքի և ինքնագոհ թշվառության մեջ հառնում է գռեհիկ, վախկոտ, թուլամորթ ու զգուշավոր անձնապաստանը, եսամոլը, որ դաժան է ու սոսկալի՝ վրեժխնդրության իր մոլուցքի մեջ: «Աշխարքս ուժի տեղ է,- ասում է Նազարը:- Ուժի վրա է հիմնված: Ուրիշին ստրկացնելու ուժ ունեք՝ ստրկացրեք: Չունեք՝ ինքներդ գնացեք դարձեք ուրիշի ստրուկը»: Բնորոշ է, որ Նազարի իսկական էությունը, նրա նվաճողական նկրտումների բովանդակ ցինիզմը երևան է գալիս այն ժամանակ, երբ արդեն գրեթե նվաճված է իշխանությունը: Իսկ մինչ այդ նա մարդկանց երևում է հավասարության և արդարության, սոցիալական համերաշխության, զրկվածներին ու զարկվածներին պաշտպանելու քարոզներով, հանգամանք, որ ինչ-որ չափով հասկանալի է դարձնում նրա նկատմամբ եղած համաժողովրդական համակրանքը:

Մ. Սարգսյանը փորձում է Զորբաստանի ու զորբաստանցիների օրինակով հասկանալի դարձնել «ուրիշի հողերը գրավելու և ուրիշ ժողովուրդներին ստրկացնելու» քաջնազարական ծրագրի քաղաքական հիմնավորվածությունը: Դա մի երկիր է և ժողովուրդ, որոնց նպատակները լուսավորված են «զորբայության և ուժի կիրառման մեծ հեռանկարով»:

Վախի ստորացնող բնավորությունը Նազարը չէր ճանաչում,- դիտում է Մկրտիչ Սարգսյանը. «Վախը նրա էությունն էր, ինչպես մեծախոսությունը, փչոցը, նաև անսահմանորեն երես առած փառասիրությունը»: Քաղաքական հաջողությունները նրան բերում են այն համոզման, որ ինքը մեծ մարդ է, ժողովրդական ճակատագիրն ու բախտը դարբնող անհատ:

Մի տեղ, երբ արդեն Նազարը դառնում է երկրի ոգին, միտքը և ուղեղը, գրողը շատ հետաքրքիր դիտողություն է անում. «Աստվածայինի տրամադրությունը դուրս եկավ պալատից և քայլեց երկրով մեկ, դարձավ երկրի տրամադրությունը»: Ամեն ինչ համակված էր նրա շնչով և անունով: Իրականում, երկիրը թալանվում էր ու կեղեքվում: Արյան բաղնիքների մեջ նազարականները խեղդում էին ըմբոստության կամ ազատամտության ամեն մի փորձ: Երկիրը լցված էր լրտեսներով: Լրտեսում էին բոլորը՝ բոլորին, մատնությունը, դավը, նենգությունը փորձված զենք էր խարխուլ թագավորությունը և տգետ Նազարին պահելու համար:

Միջնադարյան գահակալների նման ծպտված շրջելով երկրում, Նազարը ականատես է լինում մի դավադրության: Ճառախոսը «հայհոյում էր Նազարին, նզովում էր պալատն ու նրա բարքերը: Հայհոյում էր ներքին հոգսերի նախարար Փըսփըսին, որ լրտեսներով է լցրել երկիրը: Իսկ երգիչը կրակված երգում էր.

 

Մարդի՛կ, սիրեցեք ազատությունը,

Ավել-առավե՜լ, կյանքից առավե՜լ…

………………………………………..

Օ՜, չերկնչեք գահից խեղկատակ,

Ոչ էլ երկնչեք երկնային շանթից…

 

«Ինձ արյան բաղնիք է հարկավոր»,- շշնջում է Նազարը Փըսփըսի ականջին: Եվ սարքվում է այդ բաղնիքը՝ դաժան, ամենավայրենի մոլեգնությամբ: Դավադիրները խողխողվում են, մնում է Նազարի կեղծ որդին, մի երիտասարդ, որը խառնվել էր դավադիրներին՝ հաջողելու դեպքում գահին նստելու համար: Վախկոտ, փչան ու ստախոս, ամեն ինչի ընդունակ կեղծ Նազարը նույնպես մորթվում է: «Ա՜յ թե նման է ինձ էս լակոտը,- մտածում է Նազարը:- Համարյա իմ չափ վախկոտ է, համարյա իմ չափ փչան ու ստախոս»:

Դավադրական խումբը մերկացնելու և վնասազերծելու ամբողջ պատմությունը վերագրվում է Նազարին: «Արքայի բարեկամները, չարակամներն անգան, գլորելով մեծացնում էին նրա իմաստության, քաջության և խորամանկության առասպելը»: Պալատում արտասանած ճառի մեջ Նազարն աշխատում է հասկացնել մարդկանց, որ իր նկատմամբ եղած սերը պարտադիր պիտի լինի բոլորի համար՝ «Հարկի նման պարտադիր»:

Նազարի նախկին ժողովրդասիրությունը ծխի պես ցնդել էր: Նա այլևս լավ էր հասկացել, որ ձեռքում կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը, ինքը դուրս է այդ իշխանությունից. «Կռիվը ժողովրդի գործն է, հրամայելը՝ թագավորի»- սկզբունքը նա հայտնագործել է հիմա, երբ գլխի է ընկել «որ պալատ որպես էշ մտնելը իշություն չէ, այլ պալատում էշ մնալն է իսկական իշությունը»:

«Ժողովրդին վարժեցրեք համբերության»,- ասում-հանձնարարում է Նազարը՝ հենվելով այն մտքին՝ թե «Աշխարքս էսպես եկել է, էսպես էլ կգնա»: «Էն գլխից միշտ եղել են կուշտ ու սոված, հարուստ ու աղքատ, վայելող ու աշխատող մարդիկ»: «Քաղցն ու սովը հո Քաջ Նազարի հնարածը չեն, հարուստ ու աղքատը ե՞ս եմ ստեղծել, տո սրիկաներ, հը՞…»:

Նազարին հետապնդող փառասիրությունը, ի վերջո, կանգ է առնում աշխարհակալական ցանկության առաջ:

Քաջ Նազարը դառնում է լռակյաց, դյուրագրգիռ, կասկածամիտ: Ավելացվում են արքայական պահնորդների քանակը, ամեն ինչ հսկվում է ու վերահսկվում: Պալատ բերված Նազանը զարմանում է ամուսնու վրա. «Մի՞թե սա իմ Նազարն է»: Պալատը շուտով ճանաչում է Նազանի իրավունքները՝ որպես թագուհու: Բայց Նազանը չի կարողանում ընտելանալ պալատին, վարձկաններին, Նազարի անբարո վարքին: Երբ ծնվում է Նազար հարյուրմեկերորդը, Նազարը օրհնում է որդուն. «Թող իմ որդին իր հորը քաշի»: «Ամա՜ն,- սարսափից ճչում է Նազանը,- մի՛ անիծիր որդուս, Նազար: Եթե նա քեզ նման լինի, ես ինձ կկախեմ»: Այս երկխոսությունը շարունակվում է, մինչև որ Նազարը կատարում է ամենամեծ ընդհանրացումը. «Աշխարհքս առանց նազարների չի կարող յոլա գնալ… Նազարները եղել են, կան ու պիտի լինեն: Աշխարհքս Նազար պիտի ունենա՝ կարգ է»:

Թագուհին չի կարողանում ըմբռնել այդ ամենը, թագուհին գիտե իսկությունը, և նրան թվում է, որ մարդկանց չափազանց քիչ բան է հարկավոր նազարական ամբողջ կեղծիքը ճանաչելու համար: «Նազարի թագավոր դառնալու փաստը նա մերթ զվարճալի խաղ, մերթ էլ աշխարհի ամենախայտառակ սխալը, ամոթն էր համարում: Քանի որ հիանալի գիտեր իր ամուսնուն, մարդկանց հավատը, պաշտամունքը նրա հանդեպ համարում էր մարդկային հիմարությունը, ավելին, նրա ողբերգությունը»:

Այստեղ գոյանում է մեծ հակասությունը կերպարի գեղջկական ուղղախոս պարզամտության և հեղինակային խոսքի միջև: Մ. Սարգսյանը չի էլ նկատում, որ շատ հաճախ այդօրինակ հակասությունները զարկում են զվարճալի ռեալիզմին և ինչ-որ տեղ խախտում հենց այն պայմանականությունը, որ անպայմանական որոշագիծ է կերպարի տիպականության:

Թագուհու ըմբոստությունը Նազարի դեմ աստիճանաբար աճում է ու խորանում: Նազանին սկսում են ոչ միայն հետևել, այլև լրտեսել: Ներքին հոգսերի նախարար Փըսփըսը մի անգամ թագուհուն զգուշացնում է. Նազարի «մեծ, անսասան հեղինակությունը այսօր եթե քեզ հարկավոր չէ, ապա այն օդի ու ջրի նման անհրաժեշտ է մեր տերությանն ու աշխարհին»: Նազանը, սակայն, շարունակում է իրենը: Ի վերջո, նրան խենթանոց են տանում:

Նազարի փառասիրությունն ու աշխարհակալական նկրտումները կերակրվում են պալատական ավագանու փարիսեցիական տիրահաճությամբ. «Պետք է լինենք դաժան ու անզիջում,- համաշխարհային պատերազմ սկսելուց առաջ ասում է նախարար Փըսփըսը:- Մենք աշխարհը գրավելու ենք ոչ թե նրան փաղաքշելու, այլև հարստանալու, ավարելու և թալանելու սրբազան նպատակով»: Լսում էր Նազարը Փըսփըսին և ակնդետ նայում սրահին: Նա գոհ էր, որովհետև իր աշխարհակալական տենչերը արժանացել էին երկրի մեծամեծների «մեծագույն բարյացակամությանը»:

Երբ սկսում է պատերազմը, պարզվում է, որ «երկրի տնտեսությունը պատրաստ չէ պատերազմին»: Արագահաս պարտությունը խուճապի է մատնել բոլորին, Փըսփըսը մոլեգնում է՝ «երկիրը ողողելով պատժիչ զորամասերով, կախաղաններով ու դահիճներով»: Նազարի հրովարտակները ոչ մի արդյունք չեն ունենում: Պատերազմի դաշտ մեկնած նախարարները ետ են փախչում՝ երկրից ընդմիշտ ծլկելու համար: Եվ երբ մի առավոտ Նազարը կանչում է իր նախարարներին, նրանք արդեն չկային: Լքված ու խեղճ արքային հավատարիմ էր մնացել միայն Փըսփըսը: «Ես միշտ քեզ հետ եմ, Աստվածային: Ես չեմ կարող քեզ լքել»,- Փըսփըսի խոստովանությունը ոչ թե հավատարմության ցույց էր պարտված արքայի առաջ, այլ հավաստումն այն բանի, որ Նազարի բախտը փակուղու դեմ չի առել. «Թափուր գահերը քիչ չեն: Գնանք, Աստվածային,- ասում է նա, քո գահը ինչ-որ տեղ սպասում է քեզ: Եվ ժողովուրդը, որ իմաստուն է, ասում է. «Քաջ Նազարը նորից թագավոր է: Մինչև օրս նստած է իր գահին և ծիծաղում է աշխարհի վրա…»:

Ժողովրդական հեքիաթի այս ավարտը տրամաբանված է զվարճավեպի ամբողջ բովանդակությամբ:

Մ. Սարգսյանը երբեք չի սրբագրում Նազարի կերպարը՝ մտավոր կարողությունների հավելագրումների իմաստով: Նազարը տափակամիտ, գռեհկախոս, պարապ ու թափուր հոգով մեկն է: Այն, ինչ նա ձեռնարկում է՝ կա՛մ պատահական մի առիթի հարկադրանք է, կա՛մ ուրիշների թելադրանքը: Ինքնուրույն՝ ո՛չ մի բան: Դիպվածը, որ բախտն է կամ բախտը, որ դիպվածն է, նազարական հաջողության բանալին է: Նա կառչում է դիպվածից: Այնքան խելք ունի, որ իսկույն գնահատում է դիպվածային հաջողությունը: Այնուհետև նա իր բախտի տերն է և հաջողության կամակատարը:

Զավեշտականը վեպում հյուսվում է ողբերգականի հետ: Թեթև, հումորիստիկ դեպքերն ու նկարագրություններն աստիճանաբար իրենց տեղը զիջում են համաշրջանակ ու բարդ խնդիրների, և ընթերցողը, մանավանդ զավեշտավեպի վերջին գլուխներում, դեմ է առնում ժամանակակից համամարդկային մտահոգությունների: «Քաջ Նազարի կերպարը գծելիս,- գրում է Մ. Սարգսյանը,- չեմ փորձել և ինձ իրավունք չեմ վերապահել մոդեռնացնել նրա կերպարը և հեռանալ ժողովրդական հեքիաթի ակունքներից»: Այս խոստովանության մեջ, ճշմարտություն, իհարկե, կա: Բայց, որ Նազարի կերպարը մոդեռնացվել է և մեկնաբանվել հենց ժամանակակից հասարակական ու քաղաքական խնդիրների տեսակետից, ոչ միայն հավաստի իրողություն է, այլև, ինչպես մեզ թվում է, կազմում է զվարճավեպի գեղարվեստական հիմնական նպատակաուղղվածությունը: Դա միայն «արձագանք չէ դարի երևույթների,- ինչպես ասում է վիպասանը,- այլ նաև հեքիաթի փիլիսոփայական ելուղիների արդիական քննություն»: Այս իմաստով Մ. Սարգսյանի նոր վեպը ներկայացնում է ծանրակշիռ արժեք ու գրավում ինքնուրույն տեղ ժամանակակից գեղարվեստական արձակում:

«Գրական թերթ», 1981, թիվ 14

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.