Գիշերվա մեկն անց քառորդի մոտ ոտնաձայներ լսեցի: Այդ ոտնաձայները համաչափորեն պտտվում էին ճաշասենյակի սեղանի շուրջը: Մայրս քնած էր վերնահարկի սենյակներից մեկում, եղբայրս՝ Հերմանը՝ մյուսում: Պապս քնած էր ձեղնահարկում, ընկուզենուց պատրաստված մահճակալի վրա:
Հենց նոր էի ոտքս դուրս դրել լողարանից և սրբիչով սրբվում էի, երբ լսեցի ոտնաձայներ: Ոտնաձայներն ասում էին, որ մեկը արագորեն քայլում է ներքնահարկի ճաշասեղանի շուրջը: Լույսը լուսավորում էր լողասենյակից ներքև, ճաշասենյակ տանող աստիճանները: Ես տեսնում էի դարակների վրա դասավորված ափսեների աղոտ փայլը: Իսկ սեղանը չէի տեսնում: Ոտնաձայները պտտվում ու պտտվում էին սեղանի շուրջը և քայլերի ծանրության տակ հատակի տախտակները համաչափորեն ճռռում էին: Ինձ սկզբում թվաց, թե հայրիկն է կամ Ռոյ եղբայրս, նրանք Ինդիանապոլիս էին մեկնել և ուր որ է գալու էին: Այնուհետև մտածեցի, չլինի՞ գող է: Իսկ հետո, բավականին ուշ, գլուխս մտավ, թե՝ կա-չկա ուրվական է մտել տուն:
Ես ոտնածայրերիս վրա Հերմանի սենյակը մտա:
— Սը՜ս,— շշնջացի ես, մթության մեջ ցնցեյոկ նրան:
— Վա՛յ,— ասաց նա, խուզարկուի ցածր, հուսահատ տոնով:
Հասկացրի, թե ով եմ:
— Ներքևում ինչ-որ բան կա,— ասացի:
Նա վեր կացավ ու հետևեց ինձ: Մենք հասանք աստիճանների ծայրին ու սկսեցինք միասին ականջ դնել: Ոչ մի ձայն: Քայլերը դադարել էին: Հերմանը տագնապով ինձ նայեց: Ես բոլորովին մերկ էի, սրբիչը մեջքիս փաթաթած: Նա նորից ուզեց անկողին մտնել, սակայն ես նրա թևը բռնեցի.
— Ներքևում ինչ-որ բան կա,— կրկնեցի ես:
Ու հանկարծ ոտնաձայները նորից սկսեցին շրջագծել ճաշասեղանը, կարծես մեկը վազում էր: Ձայները աստիճաններով վեր, դեպի մեզ ուղղվեցին, ծանրորեն, միանգամից երկուական աստիճան բարձրանալով: Լույսը դեռ աղոտ կերպով լուսավորում էր աստիճանները: Ոչ ոք չէր երևում, միայն ոտնաձայներն էին լսվում: Սարսափահար Հերմանը ներս ընկավ իր սենյակը և դուռն ուժգնորեն փակեց: Իսկ ես աստիճանների վերևի դուռը ծածկեցի ու ոտքս էլ դեռ հենեցի դռանը: Մեկ երկարաձիգ րոպեից հետո դուռը կամացուկ բացեցի: Ոչ ոք չկար այնտեղ: Ոչ մի ձայն չէր լսվում:
Դռների շրխկոցը արթնացրեց մայրիկին: Նա դուրս նայեց իր սենյակից:
— Ի՞նչ եք անում, տղանե՛ր,— հարցրեց նա:
Հերմանը, վերջապես, համարձակվեց իր սենյակից դուրս գալ:
— Ոչինչ,— կոպտորեն պատասխանեց նա, բայց երեսի գույնր թռել էր:
Ը՜հը, ուրեմն նա էլ էր լսել ոտնաձայները: Մենք միայն նայեցինք նրան:
— Գողե՜ր,— բղավեց նա ակամայից:
Ես ուզեցի հանգստացնել նրան՝ փորձելով ցած իջնել:
— Արի՜, Հերմա՜ն,— կանչեցկ ես:
— Ես մայրիկի մոտ կմնամ,— կմկմաց նա,— նա շատ է հուզված:
Ես նորից ետ եկա:
— Մի՛ աստիճան անգամ չիջնեք,— հրամայեց մայրիկը,— պետք է ոստիկան կանչել:
Բայց, քանի որ հեռախոսը ներքևում էր, ես չէի էլ պատկերացնում, թե ոստիկան ինչպե՞ս ենք կանչելու ոչ էլ ուզում էի, որ կանչենք: Բայց մայրիկը արագորեն կայացրեց իր հերթական տարօրինակ որոշումներից մեկը:
Չմոռանամ ասել, որ մայրիկի ու հարևանի՝ ոմն պարոն Բոդվելի, ննջարանների լուսամուտները ուղիղ իրար էին նայում: Մի նեղ արանք էր բաժանում երկու տներն իրարից: Պարոն Բոդվելը թոշակառու փորագրիչ էր և ապրում էր իր տիկնոջ հետ: Մի քանի տարի էր, ինչ Բոդվելը բավականին վատ վիճակում էր. տկարության «նոպաներ» էր ունենում: Մեր շրջապատում բնակվող ամեն ծանոթ որևէ նոպա ունի:
Եվ ահա մայրիկը բացում է լուսամուտն ու, վերցնելով կոշիկը, շպրտում է հարևանի լուսամուտի ապակուն: Ապակին զրնգոցով փշրվում է և ներս է թափվում:
Գիշերվա երկուսին մոտ էր արդեն, և լուսին էլ չկար: Սև ամպեր էին կախվել երկնքից: Մի րոպեից պարոն Բոդվելն արդեն լուսամուտի մոտ էր, բղավում էր, անպատվում, բռունցքներն էր թափահարում: «Մենք կծախենք տունն ու Պեորիա կվերադառնանք»,— լսում էր տիկին Բոդվելի ձայնը:
— Գողե՜րը,— բղավեց մայրիկը:— Տանը գողե՜ր կան:
Հերմանն ու ես չէինք համարձակվում նրան ասել՝ «ոչ թե գողեր, այլ՝ ուրվականներ», գիտեինք, որ ավելի շատ ուրվականներից կվախենա մայրիկը, քան գողերից: Սկզբում Բոդվելին թվաց, թե գողերն իր տունն են մտել, իմանալով ինչն ինչոց է, վերջնականապես խաղաղվեց և իր մահճակալի մոտ գտնվող միջքաղաքային հեռախոսով ոստիկաններ կանչեց:
Ոստիկանությունը զարմանալի արագությամբ տեղ հասավ, մեկ «Ֆորդ» մակնիշի փակ մեքենա՝ լեփ-լեցուն, երկուսը՝ մոտոցիկլներով, մեկ ժամապահ մեքենա՝ մեջը մոտ ութ մարդ, և մի քանի լրագրող: Նրանք ծեծում էին մեր տան դուռը: Լապտերները լույսի ցոլքեր էին գցում պատերին, բակի կողմը, մեր և Բոդվելի տների միջև ձգված անցուղուն:
— Բա՜ց արեք,— բղավեց մի ահարկու ձայն,— մենք շտաբի մարդիկ ենք:
Ես ուզեցի ցած իջնել և բացել դուռը, քանի դեռ նրանք իրենք չէին այդ արել, բայց մայրիկը թույլ չտվեց:
— Հագիդ ոչինչ չկա,— ասաց նա,— ցրտից կմեռնես:
Ես սրբիչը ավելի ամուր փաթաթեցի վրաս: Վերջապես ոստիկանները ուսերով հարվածեցին մեծ, ծանր դռանն այնպես, որ հաստ ապակին կոտրվեց: Ես լսում էի, թե փայտն ինչպես էր ջարդվում, ապակին փշրվում շքամուտքի հատակին: Նրանց լապտերների լույսերը խաղում էին հյուրասենյակով մեկ, խաչաձևվում ճաշասենյակում, լցնում էին ողջ տունն ու աստիճանների ծայրին խփելով՝ վեր բարձրանում: Ոստիկանները հանդիպեցին ինձ հենց այդտեղ՝ աստիճանների ծայրին, սրբիչով փաթաթված: Ծանրամարմին մի ոստիկան աստիճաններով վեր վազեց:
— Դու ո՞վ ես,— խստորեն հարցրեց նա:
— Ես այստեղ եմ ապրում,— պատասխանեցի ես:
— Հըը՜մ, ի՞նչ է, շա՞տ ես շոգում:
Պետք է ասեմ, որ բավականին ցուրտ էր: Ես գնացի իմ սենյակը և տաբատս հագա: Դուրս գալիս մի այլ ոստիկան դեմ արեց կողքիս:
— Ի՞նչ ես անում այստեղ,— բղավեց նա:
— Ես այստեղ եմ ապրում,— կրկնեցի ես:
Հերթապահ սպան զեկուցեց մայրիկին.
— Տիկի՛ն, որևէ շունչ չկա մոտերքում, երևի փախե՞լ է արդեն: Ի՞նչ տեսք ուներ:
— Երկուսր կամ երեքն էին,— բացատրեց մայրիկը:— Դեսուդեն էին ընկել, դռներն էին բացուխուփ անում:
— Ծիծաղելի է,— ասաց ոստիկանը,— ձեր տան բոլոր դռներն ու լուսամուտները աքցանի մեջ առնվածի պես ամուր փակված են ներսից:
Ներքևում լսվում էր մեկ ուրիշ ոստիկանի թփթփոցը: Ոստիկանները շրջում էին ամեն տեղ, դռները կրնկի վրա բացել էին, դարակները դուրս գցել, լուսամուտները բացել ու տեղահան էին անում կահույքը: Մի քանի ոստիկան հայտնվեցին նախամուտքի աստիճանների մթության միջից: Նրանք սկսեցին ուսումնասիրել հատակը, մահճակալները պատերի տակից մի կողմ հրեցին, հագուստները դարս շպրտեցին պահարաններից, դարակներից հանեցին ճամպրուկներն ու տուփերը: Նրանցից մեկը մի հին կիթառ գտավ, որ Ռոյն էր շահել ինչ-որ վիճակախաղում:
— Հապա, մի նայի՛ր, Ջո՛,— մեծ թաթով ծնգծնգացնելով՝ ասաց նա:
Ջո անունով ոստիկանը վերցրեց այն ու շուռ ու մուռ տվեց:
— Սա ի՞նչ է,— հարցրեց նա ինձ:
— Սա մի հին կիթառ է, որի վրա քնում էր մեր ծովախոզուկը,— պատասխանեցի ես:
Եվ դա ճիշտ էր: Մի ժամանակ մենք ծովախոզուկ ունեինք, որը այլ տեղ չէր քնում կիթառի գոգից բացի, բայց այլ պարագաներում ես այդ մասին չէի էլ ասի: Ջոն և մյուս ոստիկանը երկար նայեցին ինձ: Նրանք կիթառը նորից դարակի վրա դրեցին:
— Ոչ մի հետք չկա,— հայտարարեց այն ոստիկանը, որն աոաջինն էր խոսել մայրիկի հետ:
— Այս տղան,— ինձ մատնացույց անելով՝ ասաց նա մյուսներին,— մերկ էր: Տիկինն էլ, կարծես, հիստերիկ է:
Բոլորը գլխով արեցին՝ ի նշան համաձայնության, բայց ոչինչ չասացին, միայն նայեցին ինձ: Մի պահ քար լռություն տիրեց: Հենց այդ ժամանակ ձեղնահարկից ճռռոց լսվեց: Պապիկն էր շուռ ու մուռ գալիս անկողնում:
— Դա՞ ինչ ձայն է,— զգուշացավ Ջոն:
Հինգ թե վեց ոստիկան դեպի ձեղնահարկի դուռը ցատկեցին ավելի շուտ, քան ես կարող էի միջամտել կամ որևէ բացատըություն տալ: Ես ենթադրում էի, որ շատ վատ կլինի, եթե առանց զգուշացնելու նրանք ներս ընկնեն պապիկի սենյակը, իհարկե, զգուշացնելու դեպքում էլ շատ բան չէր փոխվի: Պապիկս այնպիսի վիճակի էր հասած, որ գլուխն էր մտցրել, թե գեներալ Միդեի մարդիկ ինչ-ինչ բանից ահաբեկ, փախչում կամ դասալքում են:
Երբ ես ձեղնահարկ հասա, բանը բանից անցել էր: Պապիկի խելքին փչել էր, թե ոստիկանները Միդեի բանակի դասալիքներն են և փորձում են իր մոտ թաքնվել: Նա անկողնուց դուրս էր թռել, ֆլանելից երկար գիշերազգեստով ու բրդյա
ոտաշորով, գլխին գիշերային թասակ և կաշվե բաճկոնակը հագած: Իհարկե, ոստիկաններն անմիջապես գլխի ընկան, որ այդ գազազած, սպիտակահեր ծերուկը այս տանն է ապրում, բայց միջոց չունեցան այդ ասելու:
— Ե՛տ դարճեք, շո՜ւն շանորդիք,— բղավում էր պապիկը,— ե՜տ դարձեք ձեր զորամասերը, վախկո՛տ անասուններ:
Այդ ասելով նա կիթառ գտած սպային այնպիսի մի ապտակ հասցրեց, որ սա վայր ընկավ: Մյուսները ետ քաշվեցին, բայց ոչ այնքան արագ: Պապիկր ճարպկորեն ճանկեց ատրճանակը կիթառը ձեոքն առած ոստիկանից և կրակ բացեց: Մի պահ թվաց, թե կրակոցի ձայնից գերանները ճրտճրտացին: Ողջ ձեղնահարկը ծխով լցվեց: Մի ոստիկան հայհոյեց ու ձեռքն ուսին տարավ: Ինչևէ, մենք բոլորս ցած իջանք նորից և դուռը փակեցինք պապիկի վրա: Մթության մեջ նա կրակեց մեկ թե երկու անգամ ևս և կրկին անկողին մտավ:
— Պապիկս էր,— շնչակտուր լինելով բացատրեցի ես Ջոյին,— նա կարծում է, դուք դասալիքներ եք:
— Այդպես էլ հասկացանք,— փնթփնթաց Ջոն:
Ոստիկանները չէին ուզում հեռանալ առանց մեկնումեկին ճանկած տանելու, հասկանալի է, պապիկից բացի: Այդ օրը քաոսային գիշեր էր նրանց համար: Եվ ակնհայտ էր, որ նրանք չէին ցանկանում «վռնդված» լինել: Ինչ-nր չափով ես էլ էի նրանց հետ համամիտ: Նորից սկսեցին քրքրել իրերը: Լրագրողներից մեկը՝ նիհար մի մարդ, մոտեցավ ինձ: Ուրիշ բան չգտնելով ես հագել էի մայրիկի վերնաշապիկներից մեկը: Նա ինձ նայեց կասկածով ու հետաքրքրությամբ:
— Ի՞նչ է նշանակում այս ամբողջ իրարանցումը, բարեկամս,— հարցրեց նա:
Ես որոշեցի անկեղծ լինել:
— Ուրվականներ էին եկել,— շշնջացի ես:
Նա երկար նայեց ինձ, կարծես մանրածախ վիճակախաղի ավտոմատ էր կանգնած իր առջև, որի մեջ փող էր գցել և դիմացը ոչինչ չէր ստացել, ապա հեռացավ: Ոստիկանները հետևեցին նրան, իսկ նա, որի վրա պապիկր կրակեյ էր, բռնել էր նոր վիրակապած թևը և հայհոյում ու լուտանք էր թափում պապիկի գլխին:
— Գնում եմ ետ վերցնելու ատրճանակս այդ խելքը թռցրածից,— հայտարարեց կիթառը գտած ոստիկանը:
— Հա՞, իսկապե՞ս,— ծաղրեց Ջոն:— Է՞լ ով է ուզում նորից այցելել նրան:
Ես խոստացա հաջորդ օրը ատրճանակն ինքս ոստիկանատուն տանել:
— Ի՞նչ էր պատահել այն ոստիկանին,— հարցրեց մայրիկը, երբ նրանք գնացին:
— Պապիկը կրակեց նրա վրա,— ասացի ես:
— Ինչո՞ւ:
Ես ասացի, որ նրան դասալիք էր կարծել:
— Ի՜նչ ես ասում, չի կարող պատահել: Այնպիսի հաճելի տեսք ուներ այդ երիտասարդը:
Հաջորդ օրն առավոտյան նախաճաշի ժամանակ պապիկը շատ թարմ տեսք և կատակելու տրամադրություն ուներ: Սկզբում մենք կարծեցինք, թե կատարվածի մասին մոռացել է, բայց ոչ: Սուրճի երրորդ գավաթն էր խմում, երբ Հերմանին ու ինձ նայելով, հարցրեց.
— Այդ ոստիկաններն անցյալ գիշեր ինչո՞ւ էին պտտվում տան շուրջը:
Ա՛յ թե ինչպես նա բռնվեց, ա՛յ թե ով է եղել գիշերվա ուրվականը:
Անգլերենից թարգմանեց Ռ. Աղվանյանը