1

Աշխարհում բոլոր և օրերում իմ

տեսա ես ամեն վայելք ու տանջանք,

և երջանկության սահմանագծին

տրվեց ինձ ահը – իբրև անրջանք:

 

Գավաթի նման, որ պարապ է միշտ

տրվեց ինձ սերն ու երկյուղը երկրի:

Ես դատարկեցի պարապ գավաթի

ունակությունը, որ կոչվում է վիշտ:

 

Սև ըզգեստներով քայլեցի մթնում,

տեսա երկինքը անհավատների,

որի կամարի ներքո ամեն մոմ

այրվում է անտես բոցերով մեղքի:

 

Ու մթության մեջ գտա ես մաքուր

գույնը ջրերի – հեղձուկ անթափանց:

Մի ձայն լսեցի, ու ձայնից հեռու

հարություն առավ Աբելը մեռած:

 

2

Ծփանքի վրա վերջին ջրերի

ես գրում էի մշտունայն բառեր,

որ ինձնից հետո եկողը հիշի,

թե ինչպես է այս անդունդն արարվել:

 

Եվ չէի գրում ես բառըն Աստված,

որ հիացմունքս չունենա մարմին,

որ ինձնից հետո եկողը հանկարծ

չվարժվի մտքի ձույլ կաղապարին:

 

Եվ չէի գրում ես բառը մարմին,

որ դեռ չգտած մատնեմ կորստյան

այն, ինչ սնունդն է ախտ ու աղետի

ու առարկան է հոգեհանգստյան:

 

Եվ չէի գրում «այլևս երբեք»,

այսինքն – ծանոթ ագռավի կռինչ,

որ լսել է մի անքուն բանաստեղծ

1845-ին:

 

3

Ծովեզերքը, ուր ես գտա հանգիստ

նման էր վաղուց խորտակված նավի,

որի նկուղում ծերացող գինին

ինձ նման հազար հոգու կբավի:

 

Բայց ինչ օգուտ, որ կյանքն է անցողիկ՝

երանիներից որն էլ ընտրվի,

և ինչ օգուտ, որ ժամանակներից

ոչ մեկը պիտի մինչև վերջ տևի:

 

Անցյալից – ներկա, ներկայից – հետո –

մարդիկ, քաղաքներ, իրականություն…

Ապրելու պես մի բան է պատահում

և անհետանում երկրի խոռոչում:

 

Ծովեզերքը, ուր չի լինում հանգիստ

ոչ նախ, ոչ ապա և ոչ էլ հետո –

մոլորություն է: Ո՞ւր գնա հոգիս:

Բոդլերը կասեր. «Out of the world»:

 

4

Մի դժվար կյանքի ու մի հեշտ մահվան

հրեշտակներն են ճախրում երկնքում:

Լռության վարդն – ինքն իրեն պատռած

բացակայության ըստվերն է գծում:

 

Հրեշտակներն այդ անզարդ են, ինչպես

երկրի սաղարթը – ոսկրացած արդեն:

Լռության վարդը ինքը է վճռել

ձայնափողն ի վեր համառ մագլցել:

 

Ի՞նչ կա ձայնից դուրս ու լույսից անդին,

ի՞նչ երկինքներ են նախապատրաստել

հրեշտակները մահվան ու կյանքի-

երկըրին օտար, կյանքին անընտել:

 

Եվ ի՞նչ վիհեր են նախապատրաստված

ժամերի համար ու տարիների,

որ ապրում եմ ես բացակայությամբ

իմ նախորդ կյանքի ու հաջորդ մարմնի:

 

5

Հին ժամացույցի սիրտը խփում է –

ինքն իր ընթացքին հար ու հավասար.

օրն ըսկսվում և ավարտվում է

ակնթարթի մեջ – արդեն դարձած քար:

Աստծուն դիմելու երեք ձև չկա,

և ոչ էլ երկու, ոչ էլ մեն-միակ-

կա մի ժամանակ ու երկու պատճառ

ու երեք անուն – Մի ու Միացյալ:

 

Մեկ է քո ես-ը, ու մանրամասն

չի բաղադրվում վարքդ հեգնական:

Քո մարմինն արդեն հազար թռչուն է,

իսկ մի թռչունը – հազար վերադարձ:

 

Եվ մի է վաղը: – Քո անվերադարձ

չուն խառնելու է հյուսիս ու հարավ –

երեխաներ կան, որ դառնում են մարդ,

և մարդիկ կան, որ չեն զգում էլ ցավ:

Categories: Պոեզիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.