Ամեն երեկո նա դուրս էր գալիս խավարից ու քայլ անում դեպի փողոցի վառ լույսը, ինչպես տանից հեռու, վախեցած մի փոքրիկ: Գիտեի, որ ութից առաջ երբեք չէր հասնում ծառուղու վերջը: Այնուամենայնիվ, եղել են երեկոներ, երբ մինչ նրա գալը, երկու ժամ շուտ էի հասնում այնտեղ և սպասում կանաչ-կարմիր ծորակի մոտ: Այդ բոլոր ամիսների ընթացքում, ինչ ճանաչում էի նրան, միայն երկու-երեք անգամ էր ուշացել, այն էլ տաս-տասնհինգ րոպեով:

Ռաքելը երբեք չէր ասել, թե որտեղ է ապրում, ոչ էլ թույլ էր տալիս, որ ուղեկցեմ տուն: Ծորակի մոտ՝ ծառուղու սկզբում, կար մի դռնակ, որտեղից էլ ժամը ութին հայտնվում էր նա, իսկ ժամը տասին դուռն այդ փակվում էր նրա հետևից: Երբ խնդրում էի ուղեկցել, միշտ ասում էր, որ հայրը թույլ չի տալիս շփվել տղաների հետ, ու եթե մեզ միասին տեսնի, կամ անխղճորեն կծեծի իրեն, կամ կվռնդի տնից: Այդ պատճառով էլ, խոստումս պահելով՝ երբեք նրա հետ ծառուղու մուտքից հեռու չգնացի:

– Երեկոները ես միշտ կգամ, որ տեսնեմ քեզ, Ֆրե՛նկ,- ասաց նա և հապճեպորեն ավելացրեց,- այնքան ժամանակ, որքան կուզենաս, որ գամ: Բայց դու պետք է հիշես քո խոստումը և երբեք չհետաքրքրվես, թե որտեղ եմ ապրում կամ ինձ տուն ուղեկցես:

Ես նորից ու նորից էի նրան խոստանում:

– Միգուցե մի օր կգաս ու կտեսնես ինձ,- շշնջաց նա՝ շոյելով ձեռքս,- բայց՝ ոչ հիմա: Դու երբեք չպետք է ծորակից այն կողմ անցնես՝ մինչև չասեմ, որ կարելի է:

Ռաքելն ասել էր, որ մեր հանդիպումներին ինքն ամեն անգամ ասես փորձում է ինձ հասկացնել, որ արահետի մթության մեջ ինչ-որ վտանգ կա թաքնված: Ես գիտեի, որ դա ֆիզիկական վտանգ չէր, որովհետև փողոցի անկյունում գտնվում էր մեր տունը, և շրջապատն ինձ այնքան լավ էր ծանոթ, որքան ոչ ոքի: Բացի այդ, այն օրերին, երբ ուշանում էի ընթրիքից, սովորաբար տուն էի վերադառնում մեր բակի ետնադռնից՝ ծառուղուց տուն տանող ամենակարճ ճանապարհով: Սակայն մութն ընկնելուց հետո ծառուղին Ռաքելինն էր: Ես երբեք գիշերն այդ ճանապարհով տուն չէի գնում. վախենում էի, որ պատահաբար կտեսնեմ Ռաքելին կամ որևէ բան կլսեմ նրա մասին, որով և դրժած կլինեմ խոստումս:

Հենց սկզբից էլ (երբ դեռ նոր էի նրան ճանաչում) տղամարդավարի երդվել էի, որ չեմ հետևի նրան և չեմ փորձի պարզել նրա իսկական անունը: Երդումս պահեցի մինչև վերջ…

Գիտեի, որ Ռաքելն ու իր ընտանիքը աղքատ են, որովհետև մոտ մեկ տարի նա նույն զգեստն էր հագնում. մաշված մի զգեստ՝ խամրած կապույտ քաթանից: Ես այն երբեք կեղտոտ չէի տեսել և գիտեի, որ այդ զգեստն ամեն օր է լվանում: Ժամանակ առ ժամանակ զգուշությամբ ու բծախնդրորեն կարկատվում էր, և ամեն երեկո, երբ տեսնում էի նրան, տագնապում էի, որովհետև գիտեի, որ շորն արդեն երկար չի դիմանա: Շատ էի ուզում նոր մի զգեստ գնել իմ խնայած մի քանի դոլարով, բայց վախենում էի նույնիսկ ակնարկել:

Գիտեի, որ նա ինձ թույլ չի տա իրեն փող տալ, բայց նաև գիտեի, թե ինչ կլինի, երբ զգեստը վերջնականապես մաշվի: Համոզված էի, որ դա կնշանակեր մեր հանդիպումների վերջը:

Մի անգամ հագել էր սև մետաքսե գուլպաներ: Սկզբում ամեն երեկո գալիս էր վառ լուսավորված փողոցը իր սպիտակ քաթանե գուլպաներով և մի ամբողջ տարի այլ բան չէր հագնում:

Հետո՝ մի երեկո, հագին տեսա սև մետաքսե գուլպաներ: Հաջորդ երեկոյան ակնկալում էի նույն գուլպաներով տեսնել, բայց երբ դուրս եկավ ծառուղուց, հագին դարձյալ քաթանե սպիտակ գուլպաներ էին: Չհարցրեցի գուլպաների մասին, որովհետև սովորել էի երբեք չասել որևէ բան, ինչը կարող էր վիրավորել նրա զգացմունքները, բայց այդպես էլ չհասկացա, թե ինչու միայն հենց այդ միակ անգամը հագավ սև մետաքսե գուլպաները: Եթե հարցնեի, հավանաբար ծիծաղեր, բռներ ձեռքս, ինչպես սովորաբար անում էր, երբ միասին էինք լինում, ու ասեր պատճառը: Բայց վախենում էի հարցնել. նա այնքա՜ն զգայուն էր, այնքա՜ն խոցելի:

Ամեն երեկո, երբ դուրս էր գալիս մութ ծառուղուց, մենք հանդիպում էինք և իջնում մինչև վառ լուսավորված փողոցի անկյունը, ուր դեղատունն էր: Հանդիպակաց մայթին կինոթատրոնն էր: Ամեն երեկո մենք մտնում էինք կամ դեղատուն, կամ կինո: Կուզենայի նրան տանել թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց այնքան չէի վաստակում, որ մի երեկոյի ընթացքում երկու տեղն էլ գնայինք: Կեսօրվա թերթերը բաժանելու դիմաց ստացած քսան ցենտը բավարար չէր, որ պաղպաղակ և կինոյի տոմս գնեի. պետք էր ընտրություն կատարել դրանց միջև: Երբ կանգնում էինք դեղատան ու կինոթատրոնի անկյունում, սկզբում չէինք կարողանում որոշել՝ կինո՞ գնանք, թե՝ պաղպաղակ ուտենք:

Լավագույն պահերը, որ ապրել ենք փողոցի այդ անկյունում, նույնքան հաճելի էին, որքան որևէ այլ բան, որ անում էինք միասին: Մինչև իր խոստովանությունը Ռաքելը միշտ ստիպում էր, որ ասեմ, թե ինչն եմ գերադասում՝ կինո՞, թե՞ դեղատուն գնալը: Իհարկե, ջանում էի ասել այն, ինչն ամենից շատ հաճույք կպատճառեր նրան:

– Ես քայլ անգամ չեմ անի, մինչև չասես, թե որն ես գերադասում,- ասում էի նրան,- ինձ համար միևնույն է, միայն ուզում եմ, որքան հնարավոր է, քո կողքին երկար մնալ:

– Դե լավ, ես հիմա կասեմ, թե ինչ անենք, Ֆրե՛նկ,- ասում էր ձեռքս բռնելով, և ձևացնում, թե իրեն անլուրջ է պահում,- դու գնում ես դեղատուն, իսկ ես՝ կինո:

Դա էր Ռաքելի նախընտրած ձևը: Իսկ երբ ինձ առաջարկում էր կինո գնալ, ինքը՝ դեղատուն, գիտեի, որ այդ երեկո գերադասում է պաղպաղակը:

Կինոնկարի հաճույքը տևում էր մոտ երկու ժամ, մինչդեռ պաղպաղակինը կես ժամից ավելին չէր, ուստի շաբաթվա բոլոր երեկոները (բացառությամբ երկու-երեքի) գնում էինք կինոթատրոն: Ես ուզում էի Ռաքելի հետ լինել այնտեղ, որովհետև կիսախավարի մեջ մենք իրար մոտիկ էինք նստում, ու ես բռնում էի նրա ձեռքը: Եվ եթե դահլիճը լիքը չէր, մենք վերջին կարգի անկյուններից մեկում գտնում էինք երկու տեղ և երբ համոզվում էինք, որ ոչ մեկը մեզ չի նայում, ես համբուրում էի նրան:

Կինոնկարի ավարտից հետո դուրս էինք գալիս պայծառ լուսավորված փողոցն ու դանդաղ քայլում դեպի թաղամասի կենտրոնում գտնվող կանաչ-կարմիր ծորակը: Այնտեղ՝ ծառուղու մուտքի մոտ, մի պահ կանգ էինք առնում: Եթե փողոցում ուրիշ ոչ մեկը չէր լինում, ես միշտ գրկում էի Ռաքելի մեջքը, ու դանդաղ քայլերով մտենում էինք մութ ետնամուտքին: Այդ ժամանակ երկուսս էլ լռում էինք, բայց ես նրան ամուր ինձ էի ձգում, իսկ նա ճմլում էր մատներս:

Վերջապես, երբ վրա էր հասնում նրա տուն գնալու ժամը, մի քանի քայլ էինք անում ծառուղու մթության մեջ և կանգնում գիրկընդխառն: Երեկոյի ընթացքում առաջին անգամ այդ պահին էինք համբուրվում, իսկ հետո՝ լուռ հեռանում իրարից: Այն պահին, երբ նա պետք է անհայտանար ծառուղու խավարում, ես վազում էի նրա կողմը, բռնում էի ձեռքերն ու պահում այրվող ափերիս մեջ.

– Ես քեզ սիրո՛ւմ եմ, Ռաքե՛լ,- ասում էի՝ ավելի ու ավելի ուժգին սեղմելով մատները, մինչև ետ չէր քաշում:

– Ես էլ քե՛զ եմ սիրում, Ֆրե՛նկ,- ասում էր նա, շրջվում ու վազելով մտնում ծառուղի:

Սպասելով մինչև նրա այնքան հեռանալը, որ չլսվեին ոտնաձայները, շրջվում էի ու դանդաղ ուղղվում դեպի տուն: Մեր տունը մեկ թաղամաս այն կողմ էր. կես թաղամաս մինչև անկյունը և այդքան էլ՝ անկյունից հետո:

Երբ մտնում էի իմ սենյակ, մոտենում էի պատուհանին, նայում գիշերվան և ունկնդրում նրա յուրաքանչյուր հնչյունը:

Իմ պատուհանը նայում էր տան ետևի ծառուղուն: Փողոցի լապտերներն աղոտ լույս էին գցում տանիքներին, բայց մթության մեջ ծառուղու վերջը չէի տեսնում:

Պատուհանի առաջ մեկ ժամ (գուցե և մի քիչ ավելի) կանգնելուց հետո հանվում էի և պառկում քնելու:

Հաճախ թվում էր, թե ինչ-որ տեղ՝ մթության մեջ, լսում եմ նրա ձայնը, բայց տեղիցս վեր թռչելով ու պատուհանից կախված երկար ժամանակ ուշադիր ունկնդրելուց հետո հասկանում էի, որ ուրիշ ձայն է ինձ հպվել:

Ամռան վերջին ծննդյանս օրվա առթիվ հորաքույրս հինգ դոլար տվեց: Ժամերով մտածում էի ու ծրագրեր մշակում, թե ինչպես ուրախացնեմ Ռաքելին, ուր գնանք և ինչպես ծախսենք այդ գումարը:

Այդ երեկո ես ուզում էի նրան զարմացնել իմ փողով: Որոշել էի այսպես. տրամվայով կիջնենք քաղաքի կենտրոն, նախ կգնանք որևէ ռեստորան, ապա՝ մեծ թատրոններից մեկն ու մեկը:

Մինչ այդ երբեք միասին չէինք եղել քաղաքի կենտրոնում, և առաջին անգամն էր, որ հիսուն ցենտից ավելին ունեի:

Այդ օրը, որքան հնարավոր է, արագ բաժանեցի թերթերը և վազեցի տուն՝ երեկոյի համար կազմածս ծրագրերը մտմտալու:

Հենց մութն ընկնելուց առաջ իջա իմ սենյակից. պատշգամբում ետ ու առաջ էի անում, ծիկրակում ճաղերի արանքից, կքանստում էի ու ձգվում (պատշգամբում հայրս ինձ համար մարզաձող էր հարմարեցրել), բայց այնքա՜ն դանդաղ էր մոտենում Ռաքելի հետ հանդիպելու ժամը:

Նստեցի պատշգամբի աստիճաններին. անգամ չէի հիշում, որ պետք է մայրիկին զգուշացնել քաղաք իջնելուս համար:

Նա ինձ երբեք թույլ չէր տվել այդքան հեռու գնալ՝ առանց նախապես իրեն տեղյակ պահելու, թե ուր եմ գնում, ում հետ և որ ժամին եմ վերադառնալու:

Արդեն մոտ մեկ ժամ նստած էի սանդղահարթակին, երբ դռանը մոտեցավ ավագ քույրս և կանչեց ինձ:

– Ֆրե՛նկ,- ասաց Նենսին,- նախքան դուրս գալդ խոհանոց մտիր, մայրիկն ինչ-որ բան է ուզում քեզ ասել: Տես, չմոռանաս ու գնաս:

– Հենց հիմա գնում եմ,- ասացի և ավելի հարմար տեղավորվեցի սանդղահարթակին:

Մտածում էի. ի՜նչ տպավորություն եմ թողնելու, ինչպե՜ս եմ ցնցելու Ռաքելին իմ անակնկալով: Երազանքներիս գիրկն ընկած մոտ կես ժամ մոռացա, որ մայրիկը խոհանոցում ինձ է սպասում: Համարյա մեր հանդիպման ժամն էր ծորակի մոտ, երբ հիշելով՝ տեղիցս ցատկեցի ու վազեցի խոհանոց: Երբ ներս մտա, Նենսին ինձ մեկնեց փոքրիկ, կլոր մի տուփ և ասաց, որ նրա միջի դեղափոշին թափեմ ետնաբակում դրված մեծ աղբարկղը: Մայրս պատմել էր, թե ինչպես են առնետները մտնում աղբարկղերն ու բազմանում: Հետո մոտեցա աղբարկղին ու դատարկեցի տուփի փոշին:

Վազեցի տուն, վերցրի գլխարկս ու սլացա փողոցն ի վար: Զայրացած էի քրոջս վրա, որ իր պատճառով էի ուշանում Ռաքելին հանդիպելուց (չնայած մեղքն իմն էր. կարող էի ավելի շուտ կատարել հանձնարարությունը): Թեև համոզված էի, որ եթե մի քանի րոպե էլ ուշանամ, Ռաքելն ինձ կսպասի: Չէի կարծում, որ նա կգա ծորակի մոտ և անմիջապես կհեռանա:

Դեռ մի տասնհինգ քայլ չէի արել, երբ լսեցի մորս կանչը:

– Կինո՛ եմ գնում,- ձայնեցի ուսնիետ,- շուտով կվերադառնամ:

– Դե լավ, Ֆրե՛նկ: Ես էլ կարծեցի, թե քաղաք ես իջնում: Որքան հնարավոր է՝ շո՛ւտ վերադարձիր:

Փոքր-ինչ վազելով՝ կանգնեցի: Այնպես էի վախենում, որ նա կարգելի ինձ, երբ իմանա քաղաք գնալս, որ չգիտեի՝ ինչ անել: Մորս երբեք չէի խաբել և հիմա էլ չէի կարող ինքս ինձ ստիպել, որ այդպես վարվեմ: Շրջվեցի, աստիճաններին կանգնած՝ նա ինձ էր նայում:

– Մա՛մ, ես քաղաք եմ իջնում, բայց շուտ կվերադառնամ:

Մինչ նա նորից ինչ-որ բան կասեր, արագորեն վազեցի փողոցն ի վար ու, անկյունում շրջվելով, սրընթաց հասա ծառուղու ծորակին: Մինչև հասնելս Ռաքելը դեռևս չէր երևում: Եվ մի պահ հևիհև կանգ առա: Թեպետ նա այնտեղ էր, սպասում էր ինձ ցանկապատի մոտ և ասաց, որ ինքն էլ մի քանի վայրկյան առաջ է եկել:

Երբ շարժվեցինք անկյունի դեղատան ուղղությամբ, գրպանիցս հանեցի փողն ու ցույց տվեցի: Նա նույնիսկ ավելի հրճվեց, քան ես՝ այդ գումարն առաջին անգամ տեսնելիս: Հետո, երբ մի պահ նայեց դրանց և շոշափեց իր բարակ մատներով, ասացի, թե այդ երեկոյի համար ինչեր եմ մտածել: Լսելով մոտեցող տրամվայի ձայնը՝ վազեցինք և ճիշտ պահին հասանք փողոցի անկյունը: Թեև տրամվայը շատ արագ էր ընթանում, այնուամենայնիվ, մինչև քաղաքի կենտրոն հասնելը մոտավորապես կես ժամ տևեց:

Սկզբի համար ծրագրել էի որևէ փոքր ռեստորան գնալ, իսկ հետո՝ ներկայացում դիտել:

Մի դեղատան մոտով անցնելիս Ռաքելը բռնեց ձեռքս.

– Խնդրում եմ, Ֆրե՛նկ,- ասաց նա,- ես ահավոր ծարավ եմ: Մի բաժակ ջուր կգնե՞ս ինձ համար, խնդրում եմ:

– Եթե հենց հիմա ես ուզում, կգնեմ,- ասացի,- բայց չե՞ս կարող մի քանի րոպե էլ համբերել. այստեղից մի երկու շենք այն կողմ ռեստորան կա, և մենք կարող ենք այնտեղ ջուր խմել, մինչ ընթրիք կմատուցեն: Եթե ժամանակ վատնենք, չենք կարողանա ներկայացումը մինչև վերջ դիտել:

– Վախենում եմ՝ չկարողանամ դիմանալ, Ֆրե՛նկ,- ասաց՝ կախվելով թևիցս:- Խնդրում եմ, խնդրում եմ՝ ինձ մի բաժակ ջուր տուր, արա՛գ:

Մենք մտանք դեղատուն և կանգնեցինք գազով ջրերի առջև: Վաճառողից մի բաժակ ջուր խնդրեցի: Ռաքելն անձայն սպասում էր իմ կողքին՝ ավելի ու ավելի ուժգնորեն սեղմելով թևս:

Մեր դիմացի պատին մի մեծ հայելի կար, ուր պարզ տեսնում էի մեր արտացոլանքը. բայց հատկապես Ռաքելի արտացոլանքում կար մի բան, որ առաջ չէի նկատել:

Ճիշտ է, մինչ այդ մենք երբեք չէինք կանգնել որևէ հայելու առաջ, բայց այնտեղ ես տեսա մի բան, որ մի ամբողջ տարի վրիպել էր աջքիցս:

Ռաքելի գեղեցկությունը այնպիսի մի նոր ձևով էր բացահայտված, որ կարող էր միայն այդպիսի մեծ հայելիով արտացոլվել: Նրա այտերի ու շուրթերի գծագրությունը, վզի ու բազուկների համաչափ սքանչելիությունն այնքան գեղեցիկ էր, որքան երբևէ: Եվ այժմ, առաջին անգամ, հայելիում ես տեսա մի նոր, չհայտնաբերված հմայք:

– Արա՛գ, Ֆրե՛նկ,- գոռաց Ռաքելը՝ հուսահատորեն կառչելով ինձնից,- ջո՛ւր, խնդրո՛ւմ եմ:

Ես նորից կանչեցի վաճառողին՝ հայացքս հայելուց չկտրելով, որովհետև վախենում էի աչքերս հեռացնել այն նոր գեղեցկությունից, որ կերտվում էր իմ աչքի առաջ: Նախկինում երբեք այդպիսի գեղեցկություն չէի տեսել:

Հմայքը, որ չհայտնաբերված ու չտեսնված էր Ռաքելին ճանաչելուս ամբողջ ընթացքում, հայելին արտացոլեց միայն մի կարճ պահ, ինչպես մութ սենյակում լույսի ակնթարթյա փայլկտում: Համարյա թե անհավատալի էր, որ Ռաքելի նման աղջիկը կարող էր այդքան նոր, յուրօրինակ գեղեցկություն ունենալ:

Նա նորից ուժգնորեն սեղմեց թևս՝ փշրելով խոհերիս արտացոլումը, ինչպես հայելին կփշրեին:

Վաճառողն արդեն լցրել էր ջուրը և մեկնում էր նրան, բայց մինչ բաժակն էր մեկնում, Ռաքելն ինքը խլեց այն: Վաճառողը նույնքան զարմացավ, որքան և ես. Ռաքելն այդպես երբեք չէր պահել իրեն:

Նա ճանկեց բաժակն ու մի ումպով կուլ տվեց ողջ պարունակությունը: Հետո բաժակը հրեց դեպի վաճառողը և մի ձեռքով կոկորդը բռնելով՝ աղերսագին ճչոցով ջուր խնդրեց: Մինչ բաժակը կրկին կլցվեր, Ռաքելը նորից ծղրտաց, նույնիսկ ավելի ուժգին, քան առաջ: Դռան մոտով անցնող մարդիկ կանգ առան և ներս վազեցին՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, իսկ խանութում եղածները մոտ թռան ու հայացքներն հառեցին Ռաքելին:

– Ի՞նչ պատահեց, Ռաքե՛լ,- աղերսեցի ես՝ բռնելով դաստակն ու թափահարելով նրան,- Ռաքե՛լ, ի՞նչ պատահեց:

Ռաքելը շրջվեց և ինձ նայեց: Աչքերն համարյա կուլ էին գնացել, իսկ շուրթերն ուռած էին ու կապտած: Սարսափելի էր նայել նրա դեմքի արտահայտությանը:

Դեղատան ծառայողը նորից մոտ վազեց: Ձեռքի կաթնասպիտակ լուծույթով լի բաժակը մոտեցրեց Ռաքելի շուրթերին և հեղուկը զոռով լցրեց կոկորդը:

– Վախենամ՝ արդեն շատ ուշ է,- ասաց նա,- եթե գոնե տասը րոպե շուտ իմանայինք, կարող էինք փրկել:

– Շատ ո՞ւշ,- աչքերս լայնացան,- ինչի՞ց է շատ ուշ, ի՞նչ է պատահել:

– Նա թունավորված է: Ինձ թվում է՝ մկնդեղով: Այո, հավանաբար հենց դա է:

Չէի հավատում լսածիս և, տեսածս մղձավանջը երազ էր թվում: Ռաքելը չէր արձագանքում. ձիգ պառկած էր իմ ձեռքերին, և դեմքն ամեն ակնթարթ մգանում էր:

– Արա՛գ, ուղղի՛ր նրան,- ասաց մոտ վազած դեղագործը՝ թափահարելով ինձ:

Մենք միասին նրան վազքով տարանք խանութի ետնամասը: Վաճառողը բերեց ստամոքսը լվանալու պոմպը: Այդ պահին հավաքված ամբոխի միջից մոտ վազեց մի բժիշկ և արագորեն զննեց Ռաքելին: Հետո կանգնեց, նշան արեց ինձ ու կողքիս կանգնածին, որ մի կողմ գնանք:

– Հիմա արդեն շատ է ուշ,- ասաց նա:- Գուցե կես ժամ առաջ հնարավոր լիներ փրկել, բայց… Սրտի զարկերը չեն լսվում, և նա այլևս չի շնչում: Առնվազն ամբողջ մի տուփ թույն է խմել, այն էլ, ենթադրում եմ, մկնդեղ: Այդքան արագ միայն մկնդեղը կարող է ներգործել. հասել է սրտին և անցել արյան մեջ:

Ծառայողը նորից աշխատեցրեց պոմպը:

Բժիշկը, թեև ամբողջ ժամանակ կանգնած էր մեր կողքին և ցուցումներ էր տալիս, անհույս շարժում էր գլուխը: Ուժով Ռաքելի կոկորդով ցած էին մղում ռետինե բարակ խողովակը և փորձում արհեստական շնչառություն տալով՝ ուշքի բերել: Բայց բժիշկը, որ ամբողջ ժամանակ կանգնած էր մեր ետևում, ասում էր. «Ո՛չ, ո՛չ, օգուտ չունի: Նա այլևս չի ապրի: Նրա օրգանիզմում այնքան թույն կա, որ տասը մարդ կսպանի»:

Ժամանեց շտապ օգնության մեքենան, ու նրան տարան: Չիմացա՝ ուր և չփորձեցի էլ պարզել:

Նստել էի դեղատան ետնամասում գտնվող փոքրիկ սենյակում ու նայում էի ծառայողին, որն այնքան ջանասիրաբար ուզում էր փրկել իմ Ռաքելին…

Երբ վերջապես վեր կացա, որ գնամ, դեղատանն արդեն ոչ ոք չկար, բացի ինձ անտարբեր նայող մի վաճառողից:

Փողոցը նույնպես ամայի էր՝ բացառությամբ մի երկու տաքսիների: Ես տուն էի վերադառնում դատարկ փողոցներով: Արցունքները կուրացնում էին աչքերս, ու չէի տեսնում, թե որտեղով եմ քայլում: Չէի տեսնում լույսերն ու տների ստվերները:

Բայց տանջալիորեն պարզ տեսնում էի Ռաքելի պատկերը մեծ հայելու մեջ, որը կախված էր մեր բակի աղբարկղի վերևում, մինչդեռ նրա գեղեցկության արտացոլանքը բոցկլտում էր իմ ուղեղում և սրտիս մեջ:

 

Անգլերենից թարգմանեց Մարինե Պապյանը

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.