Աննա Ազբեկյանի յուրաքանչյուր տողից զգացվում է, որ, թեպետ ապրելով հայրենիքից դուրս, խորապես ճանաչում է հայրենիքում ապրող մարդուն, նիստ ու կացը, բարքերը: Այս ճանաչողությանն ու խորը դիտողականությանը գումարվում է մի հանգամանք ևս, որը մեզ` «հայաստանցիներիս», ստիպում է իրականությանն այլ դիտանկյունից նայել. այլ խոսքով` Աննա Ազբեկյանի հայացքը դրսից է, և այն կաղապարները, կլիշեավորվածությունը, որ մեզ հաճախ պատուհասում են ու սահմանափակում, նրան շրջանցում են: Մի ափսոսանք պետք է հայտնեմ: Աննա Ազբեկյանը մինչ այժմ շատ քիչ է ստեղծագործել, սակայն պետք է նշել, որ այս սակավաթիվ պատմվածքներն ըստ ժամանակագրության կարդալիս, հստակ նկատվում է նրա ստեղծագործական շրջափուլերը: Ստեղծագործական շրջափուլեր կան, որ միայն երկու պատմվածքով են ներկայանում, սակայն հստակ ընդգծվում է այդ շրջանին հատուկ աշխարհայացքն ու աշխարհընկալումը: Մի քանի առիթներով նշել եմ, որ գրողը պետք է իր ստեղծագործություններով ներկայանա հենց տվյալ ժամանակամիջոցում: Սա այն բանի համար, որպեսզի հեղինակը մերվի գրական պրոցեսներին և իր վրա կրի նաև այդ պրոցեսների ազդեցությունը, սակայն այս ժողովածուի պարագային պետք է զանց առնեմ այդ մտայնությունը, քանի որ Աննա Ազբեկյանը և՛ իր ապրած ժամանակի, և՛ գրական պրոցեսների սուր ու խորը զգացողությունն ունի, որի հետևանքն է հենց այն, որ նա սակավ պատմվածքներով կարողացել է ստեղծագործական ընթացքի մի ամբողջ համայնապատկեր մատուցել: Զարմանալի մի բան էլ կա, որ վերաբերում է այդ «շրջափուլերին»: Մենք սովոր ենք հեղինակի ստեղծագործական շրջափուլերին աճման ընթացք վերագրել, մանավանդ որ առնչվում ենք նորահայտ հեղինակի, սակայն պետք է նկատել, որ այդ փուլերն այս պարագային պայմանավորվում են ոչ թե սոսկ որակական փոփոխություններով, այլև հեղինակի կոնկրետ մտահոգություններով, քանի որ հեղինակի յուրաքանչյուր պատմվածք արժանի է առանձին ուշադրության ու քննության: Պետք է ափսոսանք հայտնեմ այն բանի համար, որ չի փորձել իր ստեղծագործություններն ակտիվորեն հրապարակել հայաստանյան գրական մամուլում, և սա ոչ թե այն բանի համար միայն, որ նրա անունն այսօր ճանաչելի կլիներ գրական շրջանակներին, այլև այն` որ այդ շրջանակներն առիթ կունենային հաղորդակցվել հասուն ու տաղանդավոր գրիչ ունեցող ստեղծագործողի հետ: Ինչ խոսք, սա կարող էր պարտավորեցնել նաև հեղինակին, որպեսզի ավելի հաճախ գրիչը ձեռքը վերցներ և ավելի ամբողջական ներկայանար ընթերցողին:
***
Աննա Ազբեկյանը ստեղծագործում է սփյուռքում: Այս հանգամանքը մի քանի մտածումների առիթ է տալիս: «Սփյուռքահայ գրականություն» եզրույթն ավելի շատ հենց սփյուռքի գրական համայնքը համարում է արհեստածին: Կարելի է վիճարկել սա, կարելի է և չվիճարկել. մանավանդ վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական զարգացումները և հայ համայնքի բազմազան երևումները տարբեր երկրներում մեզ համար դժվարացնում են նույնիսկ եզրույթների պայմանականացնելը: Սակայն Աննա Ազբեկյանի պարագային պետք է նկատել, որ նա սերտորեն կապված է հայրենի գրականության զգացողություններին և որ նրա բնակության վայրը չի կարող ինչ-որ արհեստածին սահմանումների մեջ մեզ դնել: Համաշխարհային ժամանակակից գրականության զարգացումների հմուտ իմացությունը, հայրենի երկրին այլկողմնային հայացք ունենալու կարողությունը միայն կարող է հարուստ ազդակներ հաղորդել մեր գրական ընթացքին: Իսկ ամենակարևորը` բոլոր եզրույթներից ու պայմանականություններից դուրս, Գրականությունն է: Աննա Ազբեկյանը, թեկուզև իր քչագրությամբ, գրականություն է ստեղծել` իր ուրույն աշխարհով, այդ աշխարհի յուրահատուկ ընկալմամբ, անկեղծությամբ ու ճշմարտացիությամբ: Այս փոքրիկ ժողովածուն լիովին ապացուցում է այդ: