Նրան այսօր գրեթե ոչ ոք չի հիշում: Մինչդեռ մեկ դար առաջ արձակագիր ու հրապարակախոս Ռենի գրչի տակից դուրս եկած էջերը ընթերցողների լայն շրջանակի համար ոչ միայն սպասելի էին, այլև նախընտրելի: Ռեն գրական կեղծանվամբ հանդես եկող երիտասարդի իսկական անուն-ազգանունը Ռուբեն Վարդանյան էր: Նրա կյանքի մասին խիստ սակավ տեղեկություններ կան: Հայտնի է, որ ծնվել է 1893 թվականի մայիսի 16-ին Վանի նահանգի Արճակ գյուղում: Թուրքական կոտորածներից հետո, որին զոհ են գնացել նաև նրա հարազատները, անցել է Արևելյան Հայաստան: Տևական ժամանակ բնակվել և աշխատել է Թիֆլիսում:

Ռենը գրական ասպարեզ իջավ անցյալ դարի 10-ական թվականներին` իբրև այն նոր հոսանքի ներկայացուցիչ, որի անդամերը վերանայում էին ավանդական հոգևոր արժեքները ոչ թե ժխտողականության դիրքերից, այլ թարմ հնչեղություն և անծանոթ երանգներ հաղորդելու մտայնությամբ: Դրանք այն գրողներն էին, որոնք ձգտում էին արտացոլել հանրային կյանքը` հոգեբանական խորը շեշտադրումներով ու զգացական լեզվի կիրառմամբ, հեղափոխել արվեստը հանուն արվեստի, այլ ոչ թե հեղափոխման:

Սակայն պատահեց այն, ինչը հաճախ է պատահում. կյանքի ընթացքն ու հանգամանքները թելադրեցին նրա հետագա ստեղծագործական ուղին և դրանից բխող բովանդակային ու գաղափարական հայեցակարգը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ռենը իր քաղաքա­կան կողմորոշումերի պատճառով ստիպված էր հեռանալ երկրից: Իսկ հետո ծայր առան անվերջանալի դեգերումների ժամանակները: Նախ բնակվեց Ստամբուլում, հետո մեկնեց Եգիպտոս, այնուհետև եղել է Պրահայում, ապա Միացյալ Նահանգներում, իսկ կյանքի վերջին տարիներին հաստատվել էր Բո­ւենոս Այրեսում, խմբագրում էր տեղի «Արմենիա» հայալեզու թերթը: Հենց այդ քաղաքում էլ Ռենը իր մահկանացուն կնքեց 1958 թվականի մարտի 31-ին:

Այդ թափառումերի կարճատև դադարներին էլ ծնունդ առան նրա երկերը` իրենց մեջ ներառելով ընդգրկուն մի հայացք` ազգային իղձերից մինչև համամարդկային մտահոգություններ, լիրիկական ապրումերից մինչև էպիկական ըմբոստություն, խոհական շեղումերից մինչև պատկերային զուսպ լուծումեր: Ռենը մի քանի ժողովածուների հեղինակ է, որոնք բոլորն էլ լույս են ընծայվել Հայաստանի սահմաններից դուրս: Նրան հատկապես լայն ճանաչում բերեցին այնպիսի գործերը, ինչպիսք են «Կանանց աղոթքները», «Մահամերձը», «Անապատում», «Որբերը», «Դագաղագործը», «Շրջմոլիկը», «Գնդակահարվածները» և այլն:

Փորձեր են եղել Ռենի գրականությունը շաղկապել միստիցիզմի հետ, սակայն սա թյուր տեսակետ է ու որևէ ընդհանրություն չունի իրականության հետ, քանի որ Ռենի գրականությունը չի սնվում կրոնափիլիսոփայական աշխարհայացքից, այլ սոսկ իբրև միջոց է օգտագործում այն: Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ վերցված չափաբաժինը թվում է անհրաժեշտից առավել, դարձյալ հեղինակին հաջողվում է արդյունքում ունենալ նվազագույնը` «հողեղեն միստիցիզմ» և առավելագույնը` իր նախընտրած մասնակի մոդեռնիզմը:

Ինչ վերաբերում է միստիցիզմի հետ նրա ունեցած ենթադրյալ կապին, ապա նման տեսակետների համար առաջին հերթին հիմք է հանդիսացել Ռենի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Ծերացած Աստվածն ու Սատանան» վիպակը: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականին Բոստոնում հրապարակվող «Հայրենիք» ամսագրում և նույն տարի արժանացել է գրական մրցանակի: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես երկնային տերը իր մոտ է կանչում Սատանային, որպեսզի վերջինս հատուցի ու ապաշխարի իր գործած մեղքերի համար, բայց արդյունքում հարկադրված է լինում լսել մարդկային անհաշիվ արատների ու մեղսագործությունների մասին` բոլոր ժամանակների զուգահեռներում, և հենց չարիքի մարմացումն է դառնում մեղադրիչ ու ամբաստանող: Ըստ պատումի, երկնքի ու երկրի տիրույթներում բարու և չարի գոտեմարտն ի վերջո հասել է մի հանգրվանի, երբ այն պիտի հարկադիր դադար առնի, քանի որ մարդն իր էությամբ և բնույթով զինաթափում է թե մեկին, թե մյուսին` գերազանցելով նրանց:

Ի դեպ, գրաքննադատները ժամանակին ընդհանրություններ են փնտրել Ռենի և ֆրանսիական գրականության ներկայացուցիչներ Անդեր Ժիդի ու Ժորժ Բերնանոսի ստեղծագործությունների միջև: Դժվար է միանշանակ ասել, թե որքանով է նման ազդեցությունը դերակատարում ունեցել և արդյո՞ք Ռենը ծանոթ է եղել նրանց գործերին: Բայց եթե խնդրին մոտենանք փոխկապակց­վածության նմանատիպ վարկածով, ապա մենք էլ մեր հերթին կարող ենք նկատել, որ այն, ինչի մասին գրում և պատմում էր Ռենը, այն գեղարվեստական հնարանքները, որ նա կիրառում էր «Ծերացած Աստվածն ու Սատանան» վիպակում, ուրվանկարն էր մի կտավի, որ հետագայում առավել ծավալուն և հուժկու վրձնահարվածներով
պիտի վերարտադրեր Բուլգակովն իր «Վարպետն ու Մարգարիտան» վեպում:

Մի առիթով Ռենն այսպիսի գրառում է կատարել. «Գրել այն, ինչ որ մտածել, զգացել և ապրել ես կյանքի մեջ. այդ երկը կլինի և տաղանդավոր, և գեղունի, և անզուգական գրված»: Թե որքանով Ռուբեն Վարդանյանին հաջողվեց կյանքի կոչել իր մեծ երազանքը, դա կգնահատի ու կարժևորի նրա ընթերցողը: Բայց մի բան անվիճելի է. իր բազմաբնույթ, փուլային փոփոխականությամբ լի գրական ժառանգությամբ հանդերձ Ռենը մնաց անդավաճան կարևորագույնին` ծառայել այն արվեստին, որ պիտի սատարի մտքի ու հոգու ապաքինմանը, գրականությունը դարձնել վիրակապ, իսկ գրիչը` նշտար: