Մենք ապրում ենք Անկարայի Մալթափե թաղամասում, ճիշտ է բնիկ անկարացի չենք, բայց երկար ժամանակ է այստեղ ենք բնակ­վում: Երրորդ տունը, որ պատրաստվել է այս թաղամասում՝ մորաքրոջս տունն է, իսկ երբ մորաքույրս ձեր չարը տարավ, մենք դար­ձանք տանտերը։

Մեր թաղում մի շուն կա Տարզան անունով. թե ինչպես ու որտեղից է եկել՝ պարզ չէ, գուցե և այստեղ է ծնվել, տարիքն էլ ոչ ոք չգիտե:

Թաղում որ մարդուց էլ հարցնես՝ կասի.

– Երբ ես այստեղ եկա, Տարզանը մեծ շուն էր։

Ուղիղ տասնյոթ տարի է ինչ մենք այստեղ ենք եկել, Տարզանը նույնն է: Մահմուդն էլ, որ 21 տարին է գլորում այս թաղում, պնդում է, որ Տարզանը դեռ այն ժամանակ մեծ շուն էր։ Երկաթուղու սլաքավար աղա Մահմադի կարծիքով էլ Տարզանի տարիքը 40-ից անց պետք է լինի։ Խաջե Դարին էլ, որ մեր թաղի հնակյացներից է և տարիքն էլ վաթսունից անց է, երդում է ուտում, թե Տարզանից ջահել է: Ոչ ոք չի հիշում, թե ով է կնքել այս դեղնահեր, ոչ այն­քան բարձրահասակ, ոչ այնքան ցածրահասակ, այսինքն՝ միջահասակ շան անունը։ Մենք երբեք չտեսանք, որ շան չորս ոտք ու ձեռքերը անվնաս լինեն. թաղի երեխաների ամենամեծ հաճույքն էր վազեցնել, քարահարել, տանջել։ Երբեմն էլ կապում էին որևէ ծառաբնի ու 3-4 մետր հեռավորությունից նշան բռնում…

Մի երեկո տուն վերադառնալիս տեսա մի տասնչորս երեխա շարք են կանգնել՝ յուրաքանչյուրի ձեռքին մի քանի քար ու սպա­սում են իրենց խմբապետի հրամանին:

– Կրա՛կ,- լսեցի խմբապետի գոռոցը, որին հետևեց քարերի տարափը շան գլխին։ Մոտենալով հարցրի.

– Ի՞նչ եք անում։

– Քեռի ջան, նշանառություն ենք սովորում։

Այս ամենով հանդերձ Տարզանը մեր թաղից չէր հեռանում, նա այդ միկրոշրջանի գլխավոր բանալին էր։ Թե նրա ստամոքսը որտե­ղից և ինչպես էր կշտանում, հայտնի չէր, որովհետև խնամելու մասին ոչ ոք չէր մտածում։ Ամենից զարմանալին այն էր, որ բոլոր դեպքերում, երբ ոստիկանության ծառայողները գալիս էին շնե­րին հավաքում՝ ոչնչացնելու, Տարզանը ինչ-որ հնարամտությամբ կարողանում էր հոգին ազատել, խուսափել մահից։

Որոշ ժամանակ անց մեր թաղը բնակվելու եկավ ամերիկյան մի ընտանիք, նրանց գալու հետ էլ գարուն բացվեց, արև շողաց Տարզանի համար։ Առաջին իսկ օրերին ամերիկացու 14-ամյա տղան ճաշ էր տալիս Տարզանին, այնուհետև տնակ պատրաստեց իրենց այգում, այնպես որ 3-4 ամսում լրիվ կերպարանափոխվեց Տարզանը. կողոսկրերը, որ դուրս էին ցցվել քաղցից ու ցրտահարությունից, այլևս չէին երևում, չաղացավ, մազակալեց, աչքերը կենդանացան և այլն, և այլն։ Տարզանի արտաքինի մեջ կատարված փոփոխությանը զուգընթաց, փոփոխություն տեղի ունեցավ նաև թա­ղի մեծահասակ-փոքրահասակների մեջ՝ բոլորի սրտում էլ սեր ծնվեց դեպի շունը։

Բոլորն են սիրում հավատարիմ, լավ շանը. երեխաները սկսեցին հաճոյանալ, շողոքորթել, թաց ու ցամաք էին տալիս, տանտիկին­ները նախ Տարզանին էին կերակրում, նոր՝ ընտանիքին։ Բանն այնտեղ հասավ, որ Տարզանը դադարեց այլևս մսով սուպ ուտելուց, նա երեխաների ձեռքից վերցնում էր միայն ամենաընտիր ու ամենահամեղ մսի կտորները։

Ամերիկացիների ընտանիքը երկու օրը մեկ լողացնում էր շանը, այնպես որ նրա մազերը միշտ փայլում էին մաքրությունից։ Ամռանն էլ նրանք Տարզանին տեղ տվեցին իրենց ներքնահարկում։ Այս ստորացումը, որ ամերիկացիները հասցրին Տարզանին, շատ զայրացրեց թաղի բնակիչներին, որոնք բացեցին անեծքների ահավոր տոպրակները.

– Անիծվածները հեռացրին մեզնից:

– Անգութ դահիճները այս սառնամանիքին շանը ներքնահար­կում են պահում։

Գարնան գալու հետ թաղի բնակիչները իմացան, որ ամերիկա­ցիները մեկնում են և մտադիր են Տարզանին էլ արտասահման տանել: Լուրը հուզմունքի խիստ ալիք բարձրացրեց Մալթափեում: Երկաթուղու սլաքավար աղա Մահմաղը բոլորից շատ զայրացավ այս անաստվածությունից.

– Ոչ ոք իրավունք չունի Տարզանին ձեռք տալու… Այս շունը ողջ թաղին է պատկանում։

Խաջե Դարին, որ գարնանային ամպի նման հեղեղում էր աչքերից, ասաց.

– Այս կենդանին իմ գրկում է մեծացել, գլխիցս թանկ եմ գնահատել, չեմ թողնի տանեն, ալլահը վկա, տունը գլխներին փուլ կածեմ:

Գարեջրավաճառ Ալին առավոտից երեկո հայտարարում էր որ­պես լոզունգ.

– Անտեր քաղաք չէ, որ ինչ կամենաք՝ կատարեք։ Ձեռքներդ հեռու մեր թաղից։ Մեր հայրերի խնամքով ու շնորհիվ է Տարզանը մեզ հասել։

Բաքր դային, որ թաղի ամենամեծն էր, բոլորին սիրտ էր տալիս.

– Մի անհանգստացեք, ոչ ոք չի կարող Տարզանին տանել: Տարզանը այստեղ է լույս աշխարհ եկել, այստեղ մեծացել, այստեղ անձնագրություն ստացել, հաշվառման մեջ մտել։

Ի վերջո տարզանապաշտության ցավը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ Մալթափեում։

Մեքենավար Այեդդինը ասաց.

– Տարզանը մեր սիրելին է, մեր աչքի լույսը, արտասահմա­նում ի՞նչ գործ ունի։ Այնտեղի օդն ու ջուրը նրա օրգանիզմը չի ըն­դունի: Եթե մարդ լինի կվերադառնա, անլեզու հայվանը ո՞նց կգա։

Քիչ էր մնացել թաղի բնակիչների խոսակցությունը վերջանար արյունահեղությամբ. երիտասարդներից մեկը ասել էր՝ նրանց էլ շան հետ մոխրացնենք։ Մազ էր մնացել, որ երիտասարդին սպանեն.

– Ախմախ, իշի գլուխ, նրա՛նց, իսկ Տարզանին ինչո՞ւ:

Մի օր էլ թաղի մի խումբ բնակիչներ հավաքվեցին ամերիկացու տան առաջ և պահանջեցին հանձնել Տարզանին։ Սակայն ամերիկացիների կողմից պատասխան չեղավ։ Հաջորդ օրը թաղապետը հայ­տագիր ուղարկեց՝ անմիջապես վերադարձնել Տարզանին, դարձյալ պատասխան չստացվեց։

Ժողովուրդը բողոքեց քաղաքապետին, որը խիստ անհանգստա­ցավ, հուզվեց, զայրացավ և նրանց բողոքի մասին հայտնեց ոստի­կանության պահնորդական բաժանմունքին։ Այնուամենայնիվ խնդիրը սրանով չլուծվեց։ Տարզանին տանելու լուրը տարածվեց ողջ քաղաքում, ժողովուրդը պատշաճ հարգանք ցույց տալով մալթափեցիներին, ճիգ ու ջանք չխնայեց արդարությունը շտկելու համար։

Վերջապես հասավ ամերիկացիների մեկնելու օրը։ Ժողովուրդը հավաքվեց տան առաջ և երբ ամերիկացու տղան Տարզանին գրկած դուրս եկավ որպեսզի մեքենա նստի՝ ժողովուրդը սկսեց.

– Վերադարձրե՛ք Տարզանին։

– Դուք իրավունք չունե՛ք Տարզանին տանելու։

– Մենք թույլ չենք տա Տարզանին օտար աշխարհ գցել։

Ամերիկացին տեսնելով, որ մթնոլորտը շիկանում է, ասաց.

– 50 դոլլար կտամ, միայն թե թույլ տվեք…

– Հիսուն չէ, հարյուր էլ տաս, մենք Տարզանին չենք ծախի,- ավելի զայրագին գոչեց ամբոխը։

Իսկ Տարզանր լուռ, ինքն իր մեջ պարփակված կծկվել էր տղայի գրկում և անփայլ հայացքով նայում էր հավաքվածներին: Կա­նայք ու երեխաները սկսեցին իրենց ողբ ու կոծը: Երկու-երեք տղա­մարդ, որոնք վազել էին քաղաքապետի ետևից, վերադարձան մի քանի ոստիկանի ուղեկցությամբ: Նրանցից մեկը ասաց ամերիկացուն.

– Դուք չեք կարող սրան տանել։

– Ինչո՞ւ։

– Որովհետև տեր ունի։

Ոստիկանը տղայի գրկից վերցրեց Տարզանին և նրանք, հատկա­պես տղան, որ այնպես սիրում էին Տարզանին, լաց- արցունքով ճամփա ընկան:

Չանցած նույնիսկ մեկ շաբաթ, Տարզանը վերստացավ իր նախ­կին տեսքը, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նորից երեխաները սկսեցին քարկոծել, առավոտից երեկո հալածում էին, մեխ էին խրում մարմնի մեջ…

Մի անգամ էլ տեսա՝ երեխաները Տարզանին կապել են ծառին ու իրենց դանակներն են սրում։ Իմ այն հարցին, թե ի՞նչ են անում, նրանցից մեկը մի ներքին գոհունակությամբ պատասխանեց.

– Այսօր մեր ուսուցիչը հանեց մի գորտի սիրտը և ցույց տվեց մեզ. մենք էլ ուզում ենք նույնը կատարել Տարզանի վրա։

Էհ, ողորմի նրանց ապուպապին, որ դիահերձեցին Տարզանի մարմինը. թե չէ խեղճը մինչև հիմա էլ պետք է կրեր թաղի երեխաների քարկոծումները, փայտահարումներն ու դանակահարությունները:

 

Թարգմ. Հրաչիկ Բայրամյանի

«Հայաստանի աշխատավորուհի», 1970, թիվ 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.