Spread the love

Շարադրությունը լինում է երեք տեսակ. գրաքննադատական (վերլուծական), ազատ և գործնական (նամակ, բնութագիր, ինքնա­կենսագրություն): Այս դասակարգման հիմ­քում ընկած է օբյեկտիվ օրինաչափություն: Որակական տարբերություն կա այն բանում, թե շարադրությանը գրվում է գրականությա՞ն թեմաներով, թե՞ անմիջական դիտումների, տպավորությունների և կենսափորձի մոտիվ­ներով: Ինչևէ, այս տեսակներից որ մեկն էլ գրի աշակերտը, միևնույն է, շարադրությունը նրա ուրույն գրական ստեղծագործությունն է, որի հաջողությունը պայմանավորված է որո­շակի գործոններով: Առաջին հերթին հարկ է նշել թեմայի իմացությունը և նրա նկատմամբ շարադրողի հուզական վերաբերմունքը: Իմացության և հուզականության ներդաշնակությունը պատշաճավոր շարադրության ծանրակշիռ գրավականն է: Այս գործոններից մեկի կամ մյուսի փոքր բաղադրությանն անպայմանորեն բացասաբար է անդրադառնում շարադրության մակարդակի վրա: Անհրաժեշտ մակարդակով գրաքննադատական շարադրության գրելու համար պետք է լավ իմանալ տվյալ ստեղծագործությունը և սիրել այն, արևածագը նկա­րագրելու համար հարկավոր է դիտել, զննել, համադրել, հարստացնել երևակայությանն ու անմիջական տպավորությունները, ապա հափշտակվել բնության այդ երևույթով, բանաստեղծականացնել այն, իսկ լավ բնութագրելու համար անհրաժեշտ է լավ ճանաչել բնութագրվողին և ընդգծված համակրանք ունենալ նրա նկատմամբ: Այլ խոսքով՝ շարադրության նյութը պետք է լինի ապրված, իսկ գրելու պահին՝ ներքին այրումով վերապրված: Ան­տարակույս, թեմատիկայի միօրինակությունը չի նպաստում նշված գործոնի ապահովմանը: Անհրաժեշտ է հոգ տանեւ, որ աշակերտներն, ըստ իրենց նախասիրությունների, շարադրության թեմայի սրտամոտ ընտրություն կատա­րեն: Նախասիրած գրողն ավելի լավ է ըն­թերցվում, նախասիրած բանաստեղծությունն ավելի շուտ և հաճույքով է սերտվում:

Այս տեսանկյունից կարևոր նշանակություն է ձեռք բերում շարադրությունների բնույթը: Կի­րառական ու արդյունավետ են՝ ա) ընդհանուր ակնարկը («Հայրենական մեծ պատերազմի շրջանի պոեզիան»), բ) բնութագիրը («Անու­շի կերպարը Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմում»), գ) համեմատական բնութագիրը («Սմբատի և Միքայելի համեմատական բնու­թագիրը ըստ Ալ. Շիրվանզադեի «Քաոս» վե­պի») , դ) գեղարվեստական ստեղծագործության ընդհանուր վերլուծությունը («Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի վերլուծու­թյանը»), ե) գեղարվեստական ստեղծագոր­ծության մասնակի վերլուծությունը («Հայ և ռուս ժողովարդների բարեկամության գաղափարը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում»), գ) ստեղծագործական երևակայության ընդգծում («Պետրոս Դարյանն իմ պատկերացմամբ»), ազատ («Մարդը գեղեցիկ է իր գործերով»), գործնական («Իմ կյանքի գլխավոր էջերը»):

Շարադրության թեմաների ոչ բազմազանու­թյունը նվազագույնի է հասցնում աշակերտի նախասիրած թեմայի ճիշտ ընտրության հավանականությունը: Այստեղ կարևորը քա­նակը չէ, այլ՝ որակը: Շարադրությամբ, թեր­ևս, չի ստուգվում աշակերտի քանակական գիտելիքների մակարդակը, այլ՝ կարողու­թյունները, ունակությունները: Շարադրությունը տվյալ աշակետի գեղարվեստական կրթվածության չափանիշն է, սակայն անհրաժեշտ է հասնել այն բանին, որ աշակերտը գտնի իր թեման: Անվիճելի է, որ, օրինակ, դասական քնարերգուի պոեզիայի բազմամոտիվային հա­մակարգից, այնուամենայնիվ, տարբեր աշակերտներ ունեն իենց նախասիրած մոտիվը (սեր, մայր, հայրենիք), մնծակտավ արձակ ստեղծագործության բազմապլանային կառուց­վածքի մեջ, այնուամենայնիվ, տարբեր աշակերտներ նախապատվությունը տալիս են տարբեր դրվագների: Ուրեմն պետք է հաշվի նստել աշակերտների նախասիությունների և հոգեբանության հետ:

Շարադրության թեմայի և աշակերտի նախասիրության ներդաշնակության գործոնի ապահովման նպատակով որևէ ծավալուն մե­նագրական թեմայի ուսուցման առաջին դա­սին ուսուցիչը աշակերտներին է ներկայացնում ուսուցողական շարադրությունների թեմատիկան, որը պետք է ընդգրկի հնարավոր բոլոր թեմաները: Կոնկրետ օրինակի համար վերցնենք Դերենիկ Դեմիրճյանի «Վարդա­նանք» պատմավեպը: Կողմնորոշիչ թեմատիկա. «Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի վերլուծությունը», «Պարսիկ նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի արտացոլումը Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում», «Վարդան Մամիկոնյանի կերպարը», «Վարդանանք Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում», «Վասակ Սյունեցու կերպարը»: «Վասակյանները Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում», «Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունեցու կերպարների համեմատական բնութագիրը», «Մասսայա­կան տեսարանների վարպետ պատկերումի Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավե­պում», «Մեծ տիկնոջ կերպարը», «Կանանց կերպարը «Վարդանանք» պսւտմավեպում», «Ժողովուրդը «Վարդանանք» պատմավեպում», «Հայ մտավորականների և հոգևորա­կանների կերպարները «Վարդանանք» պատ­մավեպում», «Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի իմ սիրած հերոսը»:

«Դերենիկ Դեմիրճյան» («Վարդանանք») մենագրական թեմայի ուսուցումը տևում է ավելի քան մեկ ամիս: Ուսուցիչը ի տես և ի լուր աշակերտների հրապարակում է շարադրության թեմատիկան: Այս կերպ վարվելով՝ նա ստիպում է վեպը ընթերցել հանգամանորեն: Թեմատիկայում ապահովված է թեմաների լայն տեսականի, իսկ դա նշանակում է, որ կա լայն ընտրության հնարավորություն: Դիցուք, ընտրվում է սրտամոտ թեմա: Կա, ուրեմն, գլխավոր նաիւապայմանը՝ իմացության և հուզական վերաբերմունքի սերտ կապը: Արգա­սիքը ենթադրվում է ինքնաբուխ, հոգեբուխ շարադրություն:

Աշակերտները գրականության տետրում հերթականությամբ գրում են շարադրության թեմաների վերնագրերը՝ յուրաքանչյուրի համար առանձնացնելով որոշակի քանակությամբ էջեր:

Ապա ուշի-ուշով ընթերցում են վեպը՝ կատարելով ծաղկաքաղ:

Ցանկալի է, որ աշակերտը ծաղկաքաղը կատարի նույն ստեղծագործության երկրորդ ընթերցման ժամանակ: Ինչևէ, աշակերտի հե­տազոտական սւշխատանքը կրում է ծավալապաշտական բնույթ: Նա հետևում է սյուժեի ծավալմանը իր բաղկացուցիչ մասերում, դուրս է գրուն երկխոսություններ, մենախոսություններ, հոգեբանական բնորոշ էտյուդներ, բնանկարներ, առածներ, ասացվածքներ, թևավոր արտահայտություններ, ինչպես հեղինակային, այնպես էլ ինքնաբնութագրումներ, գեղարվեստական խոսքի արտահայտչականության միջոցներով կերտված տիպական պատկերներ, լեզվաոճական ցայտուն նմուշներ՝ զետեղելով համապատասխան թեմայի համար առանձ­նացված բաժնում:

Մեծ է նաև լրացուցիչ գրականության դե­րը: Հետազոտողը ընտրում է մեջբերումներ, քաղվածքներ, ասույթներ քննադատական հոդվածներից: Աշակերտի ինքնուրույն հետա­զոտական աշխատանքի բուն պրոցեսում անպայմանորեն կծագեն մտքեր, որոնք հակիրճ մեկնաբանություններով պետք է գրի առնել լուսանցքներում: Նման մեթոդիկ աշխատան­քը սովորաբար ստեղծում է կայուն նստվածք­ներ՝ մտապահման մեծ հավանականությամբ:

Շարադրության մեջ ուրույն տեղ ու դեր ունի բնաբանր, որը կարող է քաղված լինել բուն շարադրության թեմայից կամ լրացուցիչ գրականությունից: Օրինակելի շարադրության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ աշակերտը ոչ միայն վկայակոչում է դրական փաստը, այլև նրա նկատմամբ ցույց է տալիս իր անձնական, քաղաքացիկան վերաբերմունքը: Բնաբանի ճիշտ ընտրությունը այս բանի վկայություններից մեկն է:

Որպեսզի շարադրությունն ունենա կուռ կառուցվածք և համակարգված շարադրանք, անհրաժեշտ է կազմել բազմակողմանիորեն մտածված պլան, որն իր հերթին մի ինքնա­տիպ ստեղծագործություն է, ճարտարապետական լեզվով ասած՝ շարադրության նախագի­ծը: Պլանի հարցերը ապագա շարադրության հակիրճ հիմնադրայթներն են: Առհասա­րակ շարադրության կառուցվածքը և բովանդակաթյունը թելադրվում են նրա պլանով: Ինչպես պլանը, այնպես էլ շարադրությունը բաղկացած են երեք մասից (նախաբան, բուն մաս, վերջաբան):

Վերապահությամբ նկատենք, սակայն, որ սա էլ քարացած ձև չէ և պարտադիր բոլոր դեպքերում: Պլան կազմելը դյուրին գործ չէ և անպայմսւն ենթադրում է կայուն գիտելիքներ, որոշակի ունակությունն ու հմտություններ: Այդուհանդերձ, շարադրության պլանը կարող է կազմված լինել անվանական նախադասություններով: Սակայն պլանի արտահայտչականությունը մեծացնելու համար անհրաժեշտ է օգտագործել պատմողական, հարցական, բացականչական և հրամայական նախադասություններ: Պլանի հարցը զուգահեռաբար կարող է ունենալ նաև բնորոշ քաղվածք՝ բուն երկից, օրինակ՝ «Մեծ տիկնոջ ողբերգական ապրումների բացահայտումը» («Սև հավը կանչեց Մամիկոնյան տան վրա»):

Շարադրության ընդհանուր հյուսվածքում էական դեր է կատարում նախաբանը: Այն որոշակիորեն ցույց է տալիս շարադրողի իմացության մասշտաբները և ունի ստեղծագործական բնույթ: Հակիրճ ու մտածված նախաբանը ստեղծում է դրական նախադրամադրվածություն: Ինչ խոսք, միօրինակ նախաբան չկա: Այն կարող է դրսևորվել բազմազան տարբերակներով և հետաքրքրական լուծումներով: Իբրև շարադրության անհրաժեշտ բաղադրամաս, ըստ էության, նախաբանը մուտք է: Կառուցվածքով այն հակիրճ է, լակոնիկ և կարող է հանդես գալ իբրև շարադրության թեմայի հիմնավորում, հրատապության վկայագիր: Մեկ այլ պարագայում նախաբանը իր բնույթով կարող է ծառայել իբրև պատմական ֆոն: Որքան բազմազան են շարադրության թեմաները, այնքան էլ բազմազան են նախաբանները: Նախաբանը ենթարկվում է շարադրության թեմայի, հիմնական հարցադրույթի ռիթմին և ծառայում է նրան՝ նպաստելով գրվածքի ներդաշնակությանը: Երբեմն շարադրողը, իբրև մուտք, տալիս է տվյալ գրողի ընդհանուր ստեղծագործության կամ համամոտիվային շարքի համառոտ բնութագիրը՝ անբռնազբոսիկ կապ ստեղծելով շարադրության հիմնական մասի հետ: Օրինակ, եթե շարադրության թեման է «Գեղամ Սարյանի «Լուսանկարը» պոեմը», նախաբանի համար նյութ կծառայի «Խոսք՝ բարի երթի» շարքը:

Կան ստեղծագործություններ, որոնք հատկապես երևան են եկել պատմական սուր պահի թելադրանքով և չնայած ունեն էլ հեռաբույր սյուժեներ, բայց լավագույնս ձայնակցում են արդիական պրոբլեմներին: Ահա, շեշտը դնելով թեմայի արդիական հնչեղության վրա, շարադրության հեղինակը նախաբանում կարող է շրջանառության մեջ դնել զուգորդական սյուժեներ (Դ. Դեմիրճյան՝ «Վարդանանք», Ստ. Զորյան՝ «Պապ թագավոր», Նաիրի Զարյան՝ «Արա Գեղեցիկ»): Եթե շարադրությունն իր բնույթով ընդհանուր ակնարկային է, ապա նրա նախաբանն էլ կունենա ընդհանուր ակնարկային բնույթ. օրինակ՝ «Հայրենական մեծ պատերազմի արտացոլումը սովետահայ պոեզիայում»: Եթե շարադրությունում լուսաբանվելու է մասնակի հարց («Նոր մարդկանց կերպարը Ն. Զարյանի «Հացավան» վեպում»), ապա նախաբանում կարելի է անդրադառնալ ամբողջական վեպի համառոտ բնութագրմանը: Շարադրության նախաբանն իր բնույթով կարող է լինել հուզական մուտք, նախադրության: Նրանում օգտագործվում են նաև տվյալ երկի ստեղծագործական պատմու­թյունը. ասույթներ, հուշեր, կենսագրական փաստեր, ինքնադիմանկարային բանաստեղ­ծություններ:

Տարբերակայնությունը ինքնին խոսում է նախաբանի երանգաշատության մասին: Հի­րավի, շարադրության նախաբանը աշակերտի ստեղծագործությունն է:

Ինչ խոսք, ամենաէականը շարադրության բուն մասն է, ուր լուսաբանվում է կոնկրետ թեման կամ հիմնական հարցադրույթը: Աշա­կերտական շարադրությունը սահմանափակ­վում է որոշակի ժամանակի և ծավալի մեջ, ուստի դժվար է գերագնահատել գլխավորը երկրորդականից, հիմնականը օժանդակից ջո­կելու աշակերտի կարողության դերը: Շարա­դրությունը կարող է ծավալվել, ընդարձակվել սկզբնաղբյուրի լավ իմացությունից: Քնա­րական երգերը պետք է անգիր իմանալ, օրինակ՝ Ավ. Իսահակյանի մայրական սիրո և պանդխտության երգերը: Էպիկական և դրամատիկական ստեղծագործություններից անհրաժեշտ է բերանացի իմանալ բնորոշ պատառիկներ: Ուրեմն, շարադրությունն իբրև ստեղծագործություն անհատական և կոլեկտիվ աշխատանքի արգասիք է: Աշակերտի անհատական աշխատանքը բնորոշվում է հանձնա­րարված ստեղծագործության լրջմիտ ընթերցմամբ, համապատասխան ծաղկաքաղով և լրացուցիչ գրականության ուսումնասիրմամբ: Սա շարադրությանը նախապատրաստվելու առաջին և ամենաէական փուլն է: Երկրորդ փուլը, որն առաջինի տրամաբանական շա­րունակությունն է, կապված է տնային ու դասարանային աշխատանքների, անհատական և կոլեկտիվ ելույթների, ասուլիսների հետ:

Որպես կանոն գրավոր շարադրությանը նախորդում է բանավոր շարադրությունը: Աշակերտը տանը նախապատրաստվում է բանավոր պատասխանի, իսկ դասարանում ելույթ է ունենում: Նրա մենահանդեսը, ըստ էության, բանավոր շարադրություն է: Դասարանում ելույթ են ունենում մյուս աշակերտները, ուսուցիչը, անցկացվում է հարց ու պատասխան: Սրանք ապագա շարադրության բանավոր ուրվագծումն են: Ուսուցիչը կազմում է շարադրության բարդ կամ ընդարձակ պլան, ծավալվում է ասուլիս: Աշակերտները կոլեկտիվ պատասխանում են պլանի հարցերին: Հետզհետե ձևավորվում ու ամբողջանում է գրավոր շարադրության բանավոր տարբերակը:

Շարադրության արդյունավետությանը մեծապես նպաստում է տվյալ ստեղծագործության համակողմանի վերլուծությունը: Պատահական չէ, որ գրական թեմաներով շարա­դրությունները կոչվում են վերլուծական: Եր­կը պետք է վերլուծել ձևի և բովանդակության միասնությամբ: Սյուժեի անգամ մակարդակով վերահաղորդումը լիարժեր շարադրության նախապայման չէ: Շարադրանրը պետք է խարսխվի վերլուծական տարրի վրա: Պատ­մողական տարրը ենթադրում է ծավալ, իսկ վերլուծականը՝ տարողունակ սեղմության: Գրողն ունի գեղագիտական իդեալ: Շարա­դրությունը բացահայտում է այդ իդեալը: Գրական երկում հեղինակի միտումը թաքուն է, իսկ շարադրության մեջ, ընդհակառակը, մեկնաբանված, անթաքույց:

Առաջ քաշած տեսակետը հիմնավորելու համար շարադրության հեղինակը կարող է մեջբերումներ կատարել: Անհրաժեշտ է չթու­լացող ուշադրություն դարձնել քաղվածքների օգտագործման տեխնիկայի հարցերին: Շա­րադրության մեջ, ելնելով նրա ծավալից, մեջ­բերումները պետք է լինեն քիչ և հակիրճ: Հարկ է ընդգծել տեխնիկական մի շատ կա­րևոր պարագա, դա այն է, որ շարադրությու­նը գրելու ընթացքում պետք է հնարավորու­թյուն տալ, որ աշակերտները օգտվեն քրեստոմատիաներից, գրական երկերից, անգամ՝ դասագրքից: Մեջբերումը պետք է ստույգ լինի և համապատասխանի բնագրին, սկզբնաղ­բյուրին: Աշակերտը չունի գրաբարի, միջին հայերենի, արևմտահայերենի լեզվական մի­ջավայր, հայերենի նշված տարբերակները, իբրև առարկա, չի ուսումնասիրում: Մեջբե­րում կատարելիս աշակերտը ապավինում է սոսկ մեխանիկական հիշողությանը, որը միշտ չէ, որ կարող է զորավիգ լինել նրան: Ավե­լին, շատ դժվար է սոսկ մեխանիկական հի­շողությամբ մեջբերումներ կատարել Սայաթ-Նովայից, Խ. Աբովյանից. Մ. Նալբանդյանից, Պ. Դուրյանից, Հ. Պարոնյանից, Գ. Սունդուկյանից, Գ. Զոհրապից, Մ. Մեծարենցից:

Տպավորիչ է ավարտուն շարադրությունը: Անավարտությունը թուլացնում է անգամ լավ գրված շարադրության ընդհանուր տպավո­րությունը: Ինչպես բովանդակության, այնպես էլ կառուցվածքի տեսակետից անհրաժեշտ է շարադրությունը տրամաբանորեն եզրափակել: Վերջաբանը շառայում է այս նպատակին: Կառուցվածքով այն շատ հակիճ է, բնույթով՝ դատողական կամ հուզական: Վերջաբանը կամ ապացուցում է, կամ ցուցադրում: Ըստ էության դա շարունակության ինքնատիպ հանգուցալուծումն է: Այստեղ աշակերտը ընդգծում է լուսաբանված թեմայի ճանաչողական և դաստիարակչական նշանակությունը: Աշակերտական շարադրությունը, իբրև գրական ստեղծագործություն, ունի ներթաքուն միտում: Վերջաբանը դրա հիմնավորումն է, պաշտպանությունը: Այսպես, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1944) Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Վարդանանք» պատմավեպը: Ինչո՞ւ հատկապես ճակատագրական այդ պահին գրողը դիմեց մեր ժողովրդի հեռավոր անցյալի պատմական դրվագների գեղարվես­տական մարմնավորմանը: Վիպասանի միտումը որոշակի է՝ հայ ժողովրդի հերոսական անցյալով ոգեշնչել ժամանակակիցներին՝ բանիվ ու գրչով պայքարելու ընդդեմ հիտլերյան ֆաշիզմի: Վիպասանի գեղագիտական իդեալը խաղա՞ց իր դերը: Այո՛: Ճակատային ռազմիկները Դ. Դեմիրճյանին գրել են. «Այսօր մենք ունեցանք երկու ուրախություն՝ ազատագրեցինք Սևաստոպոլը և ստացանք «Վարդանանքը», իսկ թիկունքի աշխատավորները վիպասանին հասցեագրած նամակում երդվել են. «Այս գիրքը (խոսքը «Վարդանանքի» մասին է՝ Ս. Հ.) կրծքներիս սեղմած՝ առաջ կգնանք»: Հարկավ, այս նամակ-պատառիկնե­րը վիպասանի «փայփայած գեղագիտական դա­վանանքի կենսահաստատ ուժի վառ ապա­ցույցներն են, որոնք կարող են լինել շարա­դրության վերջաբանի եզրափակիչ ակորդները:

Շարադրության վերջաբանը նույնպես աշա­կերտի ստեղծագործությունն է, գրական եր­կի ընկալման չափանիշը: Վերջաբան գրելը ինքնին ցույց է տալիս, թե աշակերտը գեղարվեստական զարգացածության ինչ մակարդակի վրա է, ինչ հմտությամբ է գրականությունից ստացած գիտելիքները գործնականում կիրառում: Ստեղծագործաբար ավարտելով շարադրությունը՝ վերջաբանում աշակերտը որոշակիորեն ընդգծում է իր եսը, իր գեղագիտա­կան դավանանքը: Այլ կերպ ասած՝ վերջաբանը ամբողջական շարադրության սեղմ բանաձևումն է, որն անցնում է շարադրողի իմա­ցության, աշխարհայացքի, անձնական եսի պրիզմայով: Այն իր վրա է կրում շարադրու­թյան հեղինակի ինքնուրույնության կնիքը և կարող է աչքի ընկնել ստեղծագործական բազմազանությամբ ու հետաքրքիր լուծումներով: Օրինակ, ավարտելով Գեղամ Սարյանի «Լուսանկարը» պոեմի գաղափարական բո­վանդակությունը և գեղարվեստական արժա­նիքները բացահայտող վերլուծական շարա­դրությունը, աշակերտը կարող է իբրև վերջաբան վկայակոչել «Սերմնացանները չդարձան տուն» բանաստեղծությունը: Ուրեմն՝ վերջաբանը շարադրության խոսուն և տրամաբանա­կան վերջակետն է:

Վերստին ընդգծենք, որ շարադրությունը աշակերտական ստեղծագործություն է և ան­պայման ունի գեղարվեստական իր բարձրա­գույն նմաշ-օրինակները: Հարկ է օգտագործել գրական այդօրինակ երկերը և ամրակա­յել սովորողների պատկերացումները շարա­դրության բաղադրամասերի ձևի ու բովանդա­կության էական հարցերի վերաբերյալ: Այս տեսանկյունից ուսուցիչը աշակերտների ուշադրությունը պետք է հրավիրի Ակսել Բակունցի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի պատմվածքների և պոեմների վրա («Միրհավ», «Թմկաբերդի առումը», «Աբու Լալա-Մահարի»):

Այս և այլ գրողների շատ երկեր նախերգանքի, բուն մասի և վերջաբանի կառուցվածքա­յին ինքնատիպ լուծումներով սքանչելի օրինակներ են տալիս:

Գրաքննադատական, ազատ և գործնական բնույթի շարադրությունները շոշափում են բազմազան պրոբլեմներ, որոնց լուսաբանման համար ենթադրվում են տարբեր ծավալներ: Այսուհանդերձ, ընդհանուր կողմնորոշման հա­մար հանձնարարելի են հետևյալ ծավալները (աշակերտական տետրի էջ)՝ 4-րդ դասարանում՝ 1-1,5, 5-րդ դասարանում՝ 1,5-2, 6-րդ դասարանում՝ 2-2,5, 7-րդ դասարանում՝ 2,5-3, 8-րդ դասարանում՝ 3-4, 9-րդ դասարանում՝ 4-5, 10-րդ դասարանում՝ 5-7:

Շարադրությունն ըստ բովանդակության գնահատելու համար կան որոշակի չափանիշներ։ Գերազանց է գնահատվում այն շարադրությունը, երբ աշակերտը խորապես ընկալել է քննարկվող գրական ստեղծագործու­թյունը և ունի կայուն գիտելիքներ, հանդես է բերել ստեղծագործական ձիրք, շարադրու­թյունը գրել է մշակված պլանի համաձայն, փաստարկները տրամաբանված են և հիմնա­վորված, գերազանց է տիրապետում հիմնա­կան և լրացուցիչ նյութերին, ակնառու են գրական երկը նպատակասլաց վերլուծելու, եզ­րակացություններ և ընդհանրացումներ կա­տարելու նրա ունակությունները:

Ապա՝ շարադրությունն ունի կուռ կառուցվածք (նախաբան, բուն մաս, վերջաբան, պլան): Մտքերի շարադրման հաջորդականու­թյունը աչքի է ընկնում համոզիչ տրամաբանությամբ: Գրված է կիրթ, գրական լեզվով, օգտագործված են լեզվի արտահայտչականու­թյան համապատասխան միջոցներ, ոճական հնարներ: Շարադրությունը գրված է ինքնուրույն, գրքային չէ, համապատասխանում է թեմային, բացահայտված է ամենաէականը, ունի հետաքրքիր լուծումներ, չկան անհարկի շեղումներ:

Որչափով շարադրությունը համապատասխան չի չափանիշների այս համակարգին, այդչափով կորցնում է իր արժանիքներր, և իջնում է բովանդակության համար նշանակ­վող գնահատականը:

Բացատրություններով հանդերձ, պետք է ասել, որ աշակերտները այս կամ այն չափով օժտված են ստեղծագործական ձիրքերով, որոնք անհրաժեշտ է հետևողականորեն մշակել, զարգարնել և կատարելագործել: Գրակա­նության դասը սովորողները ստեղծագործական ունակությունների զարգացման արդյունավետ դպրոց է: Գրական երկերի վրա կատարվող անհատական և կոլեկտիվ աշխատանքները, անձնական դիտարկումները աստիճանաբար աշակերտներին զինում են մար­դու, բնության և հասարակական կյանքի գե­ղարվեստական ընկալման ունակությամբ: Դպրոցականները սովորում են մտածել պատկերներով, զարգանում է նրանց գեղագիտական ճաշակը, հղկվում ու կատարելագործվում նրանց գրավոր խոսքը:

Այս իմաստով լիարժեք շարադրությունը իրականության գեղարվեստական ընկալման առհավատչյան է:

«Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», 1986, թիվ 1


Spread the love

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.