– Արհեստագործական ուսումնարանում կողբեցի մի տղա, անունը Գոմո էինք դրել, քայլերը սովորեցրեց։ Քայլերի իմացությամբ գյուղ էի գնացել, տղաներով խաղում էինք, և այդ ժամանակ մեր միակ նպատակը հակառակորդի որևէ ֆիգուր «թռցնելն» էր. կարևոր չէր, թե մի քանի քայլից մատ էինք ստանալու, միայն հակառակորդի ֆիգուրն էինք տեսնում և մտածում՝ ինչ գնով էլ լինի այդ ֆիգուրը «գողանալ»:
Շախմատի նկատմամբ լուրջ վերաբերմունք առաջացավ Բոտվիննիկ-Պետրոսյան մրցախաղի օրերին: Բոլորը շախմատիստ էին դարձել, հասկացող-չհասկացող՝ Տիգրանի քայլերը գուշակում էին, վիճում էին: Մեզ համար, երևի, շատ կարևոր է մեծ արվեստագետներ, գրողներ, չեմպիոններ ունենալը: Այդ արվեստագետները, գրողները, չեմպիոնները մեր ժողովրդի սրտի հերոսներն են դառնում։ Պետրոսյանը դարձել էր այդպիսի մի հերոս: Նա իր թիկունքում մարզասերների մի հզոր բանակ ուներ։
Պետրոսյան-Սպասսկի մրցախաղի արձագանքները խփել-հասել էին ամենահեռավոր վայրերը: Մեր գյուղում երկու Զավեն ունեինք, Թումանյանի բառերով ասած, երկուսն էլ՝ «բռի չորան»։ 3-4-րդ դասարանից թողել էին դպրոցը և սարերում հովիվ էին։ Մեր երկրի տեղանքն էլ հո գիտեք՝ 200-300 մետր տարածությունն էլ կարող է մի քանի ժամվա անցնելու ճահապարհ լինել: Կիրճով անցնում էինք, մեկ էլ լսենք՝ մի Զավենը այս սարից բղավում է դեպի մյուս սարը՝ իր հոտը արածեցնող մյուս Զավենին. «Զավե՜ն, զինվորս եկա… Զավե՜ն, ձիդ կերա… շա՛խ, դե հիմի գնա…»:
Ես այդ մրցախաղերի ժամանակները, մթնոլորտը, հուզումները շատ սիրեցի։ Տա աստված, որ շուտով կրկին այդպիսի հուզումներ ապրենք…
– Ձեր կարծիքով մարդու անհատականությունը իր խաղացած պարտիաներում դրսևորվո՞ւմ է:
– Անպայման։ Շախմատի 64 վանդակները հնարավորություն են տալիս բազմաթիվ տարբերակներ ընտրել՝ դրսևորելով սեփական անհատականությունը։ Վերջին հաշվով, յուրաքանչյուր շախմատիստի (և ոչ միայն շախմատիստի) խաղացած պարտիան իր դիմանկարն է։ Պետրոսյանի զգուշավոր, չափված-ձևված պարտիաները, ըստ էության, նրա բնավորության արտահայտություններն են։ Նրա պարտիաների վերլուծությունից ես այնպիսի զգացում ունեցա, որ ինքը խեղդում է մրցակցի ֆիգուրների հնարավորությունները: Տալը հրաշալի շախմատիստ է, պետք է որ հետաքրքիր անձնավորություն լինի։ Կասպարովը կամային, տոնական անձնավորություն է։ Նա հիանալի շախմատիստ է:
Գրողների մեջ գեղեցիկ խաղացողներ կան։ Մեր Ռաֆայել Արամյանն այնքան գեղեցկորեն էր պարտվում, որ նայելը նույնիսկ հաճելի էր։ Տալյան ձևով էր խաղում, իր ժամանակը համընկել էր Տալի տաղանդի վերելքի տարիների հետ։ Սուրեն Աղաբաբյանը հրաշալի է խաղում։ Իր շախմատը շատ է նման իր գրականությանը, իր ոճին, ձեռագրին, շարադրանքին՝ պոռթկուն, տրամաբանական և արագ։ Արագորեն հաղթի, արագորեն պարտվի։
Շախմատը և գրականությունը… Վերջին հաշվով, վեպն էլ յուրօրինակ շախմատ է: Պատմվածքը, նովելը շախմատային էտյուդներ են, իսկ վեպը՝ բազմաֆիգուր շախմատային ամբողջական պարտիա։ Հավատացած եմ, որ Լև Տոլստոյը պետք է լավ խաղար։ Որովհետև բազմաթիվ հերոսներին ներդաշնակորեն «խաղացնելու» հմտությունը նա ուներ։ Այսպես կարող ենք գուշակել, թե գրողներից ովքեր կարող էին լավ շախմատիստ դառնալ: Տոլստոյը, Դոստոևսկին, Գոգոլը, Մարկեսը: Մեր գրողներից՝ Չարենցը… Նա պետր է որ հոյակապ խաղար։
Դրամատուրգիայում էլ նույնն է։ Ըստ երևույթին, շախմատի ֆիգուրների այդ ամբողջությունը շարժելու մարզանքը կօգներ դրամատուրգին՝ գրելու լավ, գեղեցիկ, ամբողջական գործ:
Իր հերթին, գրականությունը շատ անհրաժեշտ է շախմատիստներին: Ես շախմատային ուսուցման մեջ կմտցնեմ նաև գեղարվեստական գրականությունը:
Շախմատը արվե՞ստ է, թե՞ սպորտ… Չէ, շախմատը արվեստ է։ Սարյանը մեկին հարցրել էր, թե Սևանում քանի գույն է տեսնում, պատասխանել էր՝ երկու: Սարյանը թե՝ ես վաթսուն գույն եմ տեսնում: Իրականամ երկու գույն կար, բայց այդ գույների համադրությունը տեսնելը արվեստ է: Հիմա՝ շախմատում. սահմանափակ թվով ֆիգուրներ են, բայց դրանք ներդաշնակորեն, տրամաբանորեն, գեղեցկորեն, ամբողջությամբ շարժելը արվեստ է:
Կորտասարը մի շատ լավ գորձ ունի՝ «Հետապնդում»: Սաքսաֆոնահարի մասին է, որը, երբ սկսում է շատ լավ նվագել՝ կոտրում է գործիքը: Ինքը դա բացատրում է այսպես. «Երբեմն ինձ թվում է, թե նվագով հասել եմ բարձրագույն կարգի դուռը: Դա մի փակ ամրոց է, որի դուռը իմ առջև պետք է երաժշտության Տերը բացի: Մի երկու անգամ այդ դուռը բացել են, և հենց այդ ժամանակ է, որ ես կոտրում եմ գործիքը»: Հիմա՝ շախմատի մոլի սիրահարները ոտք են դրել այդ ամրոցը, հասկացել են դրա իմաստը, և այսուհետև շախմատը իրենց է՛լ չի թողնելու։ Դառնալու են շախմատի «գերին»:
–Կցանկանայի՞ք Դուք էլ այդ ամրոցը «ոտք դրած լինեք»:
– Կցանկանայի։ Դրա կարիքը մեկ-մեկ շատ եմ զգում:
– Ի՞նչ եք կարծում. լավ շախմատիստ դառնալու համար ի՞նչ հատկանիշներ են պետք:
– Նախ և առաջ տաղանդ է պետք։ Սքանչելիորեն օժտված կարողությունը
կարող է դառնալ անհատականություն, դա շախմատիստներին էլ է վերաբերում:
– Շախմատ խաղալիս ինչպիսի՞ զգացում եք ունենում:
– Երբեք չեմ կարողացել ինձ շախմատային ռեժիմի մեջ դնել: Եթե խաղատախտակի վրա մի ութից ավելի ֆիգուր է լինում, գլուխս սկսում է ցավել, կանգ եմ առնում այդ ֆիգուրների ամբողջությունը մտածված, ներդաշնակորեն շարժելու, մի գեղեցիկ բան ստեղծելու խնդրի առջև, և երբ թվում է, թե արդեն կկարողանամ այդ ինչ-որ բանը ստեղծել, նյարդերս դավաճանում են։
Շախմատով լրջորեն չեմ զբաղվել, սկզբնախաղ ոչ ոք ինձ չի սովորեցրել, բայց շախմատի գեղեցկությունը, կարևորությունը զգում եմ: Խաղից հաճույք եմ ստանում։ Գիտեք, պարտվելուց էլ եմ ստանում։
Ֆիգուրների դասավորությունը… Ինձ թվում է, որ մենք մեր միջամտությամբ խանգարում, քանդում ենք այդ հրաշալի դասավորությունը: Եթե մենք անենք այն քայլերը, ինչ իրենք՝ ֆիգուրներն են ուզում, ինչ իրենք կարող են, ինչը իրենց կոչումն է, մի գեղեցիկ, հրաշալի պարտիա կխաղացվի: Եվ ի՛նչ անտաղանդություն է պետք, որ այդքան հնարավորություններով օժտված ֆիգուրներին կարողանանք պարտվեցնել: Շատ հաճախ ես այդ ապիկարությունը ունենում եմ: Բայց, այնուամենայնիվ, երբ մի փոքր սկսում եմ կռահել շախմատի իմաստը, կամ էլ հակառակորդիս քայլերը, մի տեսակ հաճույք եմ ապրում, և դա մի գեղեցիկ բան իմ մեջ թողնում է:
Հարցազրույցը վարեց Վ. Գրիգորյանը
«Շախմատային Հայստան», 1984, թիվ 6