Ռեժիսոր Արման Մանարյանը «Եվս հինգ օր» ֆիլմի համար փնտրում էր գլխավոր հերոսի դերակատար: Նրա ուշադրությունը գրավեց Երևանի տիկնիկային թատրոնում տեղի ունեցող ամանորյա հանդեսի բարձրահասակ ձմեռ պապը: Պարզվեց, որ դա Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Աշոտ Ադամյանն է:
Նա կինոյի հետ դեռևս լրջորեն գործ չէր ունեցել: Նրա առնչությունը ռեժիսոր Վ. Զաքարյանի «Վիրահատություն» ֆիլմին այնքան աննշան էր, որ Աշոտի մոտ ոչ մի հետք չէր թողել:
— Ես նույնիսկ չզգացի, որ կանգնած եմ նկարահանման խցիկի առջև,— խոստովանում է նա:— Եվ իմ արածի արդյունքը էկրանին երևում է մի պահ միայն:
«Եվս հինգ օր» ֆիլմը լուրջ խնդիրներ դրեց և’ դերասանի մասնագիտությունը զգալու, և’ կերպարը ստեդծելու առումով:
Իմ հերոսի՝ Հովիկ Մարգարյանի հոգեվիճակը բազմաշերտ գարգացում ունի, կադր առ կադր, էպիզոդ առ էպիզոդ նա հստակեցնում, ճշգրտում է ներքին բարդությունները, այսպես ասած՝ կազմում է նախադասություն բազմաթիվ ստորակետներով, միջակետներով և նրբերանգներ հաղորդող այլ միջոցներով:
Պետք է ասել, որ առաջին դերի համար այս բոլորը շատ լուրջ էր, և միայն իմ գործընկերների ստեղծած մթնոլորտն էր, որ հնարավորություն տվեց ինձ չերկնչել դժվարություններից:
Ռեժիսոր Ա. Մանարյանը զարմանալիորեն կարողանում է դերասանին տրամադրել… Նա նուրբ կապ է ստեղծում իր և դերասանների միջև և թեթևացնում է աշխատանքը՝ հեշտության պատրանք ստեղծելով նկարահանման հրապարակում:
Միհրան Քեչօղլյանը մեր ֆիլմում ստեդծել է Սարգիս Գևորգյանի` տառապող այդ մարդու անհանգիստ կերպարը: Հովիկը ամեն կերպ ձգտում է հանել նրան մեկուսացված վիճակից:
Իմ կարծիքով, ֆիլմի հաջողված կերպարներից է Ռոբերտ Մարգարյանի մարմնավորած ձեռնարկության գործարար դիրեկտորը:
Ես չէի կարծում, թե հարազատի պես կսիրեմ հոր դերակատար Օթար Տեր-Հովհաննիսյանին, հումորի ուժեղ զգացում ունեցող, վառ, պոռթկուն բնավորության տեր այդ մարդուն և մոր դերակատար Մարգո Մուրադյանին: Նկարահանումների ամբողջ ընթացքում մենք միասին էինք` մի ընտանիքի պես:
Այժմ ինձ սպասում է դիպլոմային ֆիլմս` ժամանակակից թեմայով: Երազում եմ ռեժիսոր դառնալ: Չեմ թաքցնում, որ սպասելու եմ նոր դերի:
«Էկրան», 1979, 4